ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Մինչև հունվարի 31-ն ավտոմեքենա ներկրողները կկարողանան օգտվել մաքսազերծման ներկա կարգից։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի` Գյումրիում արած այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Sputnik Արմենիայի խնդրանքով պատասխանեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Օրենսդրությամբ գոյություն ունի «ուղեկցող բեռի նախնական հայտարարագիր հասկացությունը»։ Եթե անձը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ` դեկտեմբերի 25-ին, կարող է նախնական հայտարարագրել, որ իր բեռը գալու է դեկտեմբերի 25-ից հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում և ներկայացնել ժամանման վայրի մաքսատուն։ Այս դեպքում հունվարի 25-ին ստացվող բեռը կարող է մաքսազերծել դեկտեմբերի 25-ին գործող օրենսդրությամբ»,–ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահն ավտոներկրողներին խորհուրդ է տալիս օրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվելու համար ներկրվող ավտոմեքենան ձևակերպել որպես «ուղեկցող բեռ»։ Օրենսդրության այս խրթին ձևակերպումները, Դավիթ Անանյանի համոզմամբ, ավտոներկրողների համար բարդություն չեն ներկայացնի։
«Այն քաղաքացիները, որոնց մասին մենք ենք խոսում, ամենօրյա ռեժիմով շփվում են մաքսային մարմինների հետ, գրեթե ամեն օր մաքսային մարմնում են։ Նրանք ուղղակի պետք է տեղում հարցնեն»,– ասաց ՊԵԿ նախագահը։
Մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չենք գնալու. Անանյանը վստահ է` Մաշադյանը խաղամոլ չէ
Մյուս բոլոր քաղաքացիները, որոնք հունվարի 1-ից հետո ավտոմեքենա կներկրեն առանց նախնական հայտարարագրման, կվճարեն արդեն նոր կարգով` ավելի թանկ։
«2020թ.–ի հունվարի 1-ից գործելու է մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը։ Հունվարի 1-ից լրանում է այն ժամկետը, որը մենք որպես բացառություն էինք խնդրել ԵԱՏՄ–ից»,– ասաց Անանյանը։
Թե նոր օրենսդրությունը որքանով կթանկացնի ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը, Դավիթ Անանյանը չցանկացավ հստակեցնել։
«48-54 տոկոս կա, բայց ոչ պակաս շարժիչի հզորության յուրաքանչյուր խ/սմ–ի դիմաց, եթե չեմ սխալվում, 4-5 եվրոյի կարգի թիվ։ Վախենում եմ սխալվել կամ շփոթվել, որովհետև այդ տեղեկատվությունն այդքան պահել մի քիչ դժվար է»,– ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահը չցանկացավ մեկնաբանել նաև կառավարության` հոկտեմբերի 3-ի նիստում ֆինանսների նախարարության ներկայացրած ու կառավարության ընդունած` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ավտոմեքենաների մաքսազերծման տոկոսադրույքները մեղմել ու հնարավոր կտրուկ թանկացումը դրանով իսկ հետաձգել ևս 3 տարով։
«Կառավարությունը ոչ մի բան չի փոխել, ոչ մի բան չի ընդունել և այդպիսի իրավասություն չունի»,– ի պատասխան հիշյալ օրինագծի մասին Sputnik Արմենիայի հարցի` ասաց Անանյանը` ըստ ամենայնի ակնարկելով, որ ֆինանսների նախարարության հեղինակած նախագիծը դեռ պետք է ընդունվի ԱԺ–ի կողմից, որից հետո միայն մեղմացված դրույքաչափերը կսկեն գործել։
Հիշեցնենք` առաջարկվող նոր դրույքաչափերով` ֆինանսների նախարարությունն առաջարկում է 3–ից մինչև 5 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար 2020թ.–ի հունվարի 1-ից կիրառել ավտոմեքենայի արժեքի 10 տոկոսի չափով ԱԱՀ, 5–10 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 5 տոկոսի չափով: Մինչդեռ հունվարից ուժի մեջ մտնող նոր կարգավորումներով` մինչև 3 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար 15% ԱԱՀ, 6 և ավելի տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 20% +0,44 եվրո` շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խ/սմ–ի դիմաց, իսկ 8 և ավելի տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 2,2 եվրո յուրաքանչյուր խ/սմ–ի դիմաց։
Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը Դավիթ Անանյանը նաև հայտնեց, որ այս տարի Հայաստանում ավտոմեքենաների ներկրման «բում» է գրանցվել։ Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Հայաստան է բերվել 114 000 ավտոմեքենա, ինչն ավելի քան 60 000–ով շատ է 2018թ.–ի նույն ժամանակահատվածից։
Ավտոներկրման «բումի» շնորհիվ այս տարի բյուջե է վճարվել շուրջ 51 մլրդ դրամ` 2018թ.–ից 27 մլրդով ավելի։
Անանյանը չթաքցրեց` 2020թ.–ին ԵԱՏՄ կանոնակարգերի ուժի մեջ մտնելուց հետո բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազելու են 50-52 մլրդ դրամով։