Մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չենք գնալու. Անանյանը վստահ է` Մաշադյանը խաղամոլ չէ

ՊԵԿ նախագահը համոզված է, որ իր տեղակալը խաղերի մոլի սիրահար չէ։ Բայց և հիշեցնում է` պետական ծառայողներն էլ խաղալու իրավունք ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը խաղամոլ չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքեց իր տեղակալի մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։

ՊԵԿ նախագահը պատրաստ է հեռանալ, եթե վարչապետը որոշի

«Ռաֆիկ Մաշադյանին ես ճանաչում եմ 1988թ–ի սեպտեմբերի 1-ից, 30 տարվա ընկերներ ենք։ Եվ պատկերացրեք, որ խաղադրույք կատարել-չկատարելու թեմայով մենք երբևիցե չենք էլ զրուցել։ Գիտեք ինչու՞`որովհետև ես գիտեմ, որ նման բան չկա»,–ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը միաժամանակ շեշտեց, որ որևէ մեկին, այդ թվում` պետական ծառայողին արգելված չէ խաղադրույք կատարել, եթե, իհարկե, այդ սովորությունը չի վերածվում հիվանդության։

«Բայց եթե կա այնպիսի անձ, որը խաղադրույք է կատարում, ու այդ խաղադրույքը կատարելու ընթացքում պարբերաբար պարտվում է, ու զանազան տեղերից փող հայթայթելու ժամանակ նաև կարող է վտանգել իր ծառայողական պարտականությունների կատարումը, մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չունենք գնալու»,- հավաստիացրեց ՊԵԿ նախագահը։

Վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկայինի պետն ազատվել է պաշտոնից

Հիշեցնենք, մամուլի հրապարակումների համաձայն` ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը բուքմեյքերական գրասենյակների մշտական այցելուներից է, ու ամեն անգամ 10-15 միլիոն դրամի խաղադրույք է կատարում։

Ինքը` Մաշադյանն այս լուրերը հերքել է։

Որոնք են Հայաստանի ամենաստվերային ոլորտները. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

Նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ  թոռն է:

Մաշադյանի նշանակումից հետո Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իրենք մտերիմ հարաբերություններ չունեն, ամուսինը նրան ընդհանրապես չի ճանաչում, իսկ իրենք  վերջին անգամ հանդիպել են 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ:

Մամուլում նաև քննարկման առարկա էր դարձել Ռաֆիկ Մաշադյանի` 2018թ–ի դեկտեմբերին ստացած 9 մլն 60 հազար  դրամի պարգևավճարը։