Ալեքսանդր Գրիգորյան. «Սիմոնյանի նման կարող են լինել միայն ընտրայլները»

Օրեր առաջ խորհրդային, ռուսական և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը դարձավ 93 տարեկան։ Sputnik Արմենիայի սյունակագիր, «Տամբով» ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատմում է «Արարատի» փառավոր օրերի և ֆուտբոլի վարպետի մասին։
Sputnik

Նիկիտա Պավլովիչ։ Այս անունը նույնիսկ առանց ազգանունը շեշտելու` հիանալի գիտեին նախկին խորհրդային հանրապետությունների բոլոր ֆուտբոլասերները, և նույնիսկ բոլոր ոչ ֆուտբոլասերները Ռուսաստանում, առավել ևս` Հայաստանում։ Խորհրդային ֆուտբոլի պատրիարքը, խաղացողը, մարզիչը, կազմակերպիչն օրեր առաջ նշեց իր ծննդյան 93–ամյակը։

Սիմոնյանն, անշուշտ, սրբություն է։  Նա անզուգական ֆուտբոլիստ է, հզոր մարզիչ, բայց ամենակարևորը, և դրանից է պետք սկսել ցանկացած խոսակցություն Նիկիտա Պավլովիչի մասին` նա կարկառուն անձնավորություն է։

Առաջին անգամ հայրս ինձ մարզադաշտ տարավ 1974 թվականի խաղաշրջանի ժամանակ։ Հիշում եմ` «Արարատը» խաղում էր Վորոշիլովգրադի «Զարյայի» հետ։ Այդ օրվանից և մինչև Միության վերջին առաջնությունը, ես միակ ֆուտբոլային «հիվանդությամբ» էի տառապում` «Արարատով»։ Իսկ «Արարատի» հետ, իհարկե, հատկապես այն տարիներին, Նիկիտա Սիմոնյանի անունն անբաժան էր։

«Խելահեղ» Ֆալյանը. մարզիչ, որը ստեղծեց ոսկե «Արարատի» հիմքը

Եվ Սիմոնյանի նկատմամբ պատկառանքով լի զգացողությունն ինձ մոտ ճիշտ այնպիսին է, ինչպես և ֆուտբոլով հետաքրքրվող ցանկացած հայի մոտ, իսկ այդպիսիք, հավանաբար, մեծամասնություն են։ Չէ՞ որ հենց նա Երևանի թիմը դարձրեց ոչ միայն ուժեղագույնը ԽՍՀՄ–ում, այլև փառավորեց ամբողջ աշխարհով` հաղթելով այն ժամանակվա ուժեղագույնին` «Բավարիային»։

Իսկ ծանոթանալ Սիմոնյանի հետ` ինձ հաջողվեց ուղիղ 8 տարի առաջ. դա տեղի ունեցավ քննության ժամանակ, երբ մարզչական արտոնագիր էի ստանում։ Սիմոնյանն իր տարիքի համար լավ մարզավիճակում է և արտոնագրային քննությունների ժամանակ միշտ աշխատում է ներկա գտնվել. իսկ դրանք 6 ժամից ավել են տևում։

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

Մեր առաջին զրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում. Սիմոնյանն իմ հանդեպ շատ բարյացակամ վերաբերմունք դրսևորեց և մաղթեց ինձ տեսնել Պրեմիեր լիգայի թիմի հետ։ Այդպես էլ ստացվեց. հաջողվեց աշխատել «Մախաչկալայում», այժմ` «Տամբովում»։

Հետաքրքիր է, որ Սիմոնյանի դեպքում մինչ նրան ճանաչելը ստեղծված երևակայական կերպարը լիովին համապատասխանում է նրա իրական կերպարին։

Ֆուտբոլային հոգեբանության վարպետը. բարդույթ, որը բուժել է մարզիչ Պորտերֆիլդը

Այսինքն,Նիկիտա Պավլովիչը հենց այնպիսին է, ինչպես դու իրեն պատկերացրել ես և նկարել. ականավոր խաղացող, մարզիչ և ֆուտբոլի կազմակերպիչ, միևնույն ժամանակ` շատ ազնիվ և զարմանալիորեն համեստ մարդ։

Եվ նրա բոլոր որակներին գումարվում է անհավանական չափերի հասնող աշխատասիրությունը։ Բոլոր այս որակներով կարող են օժտված լինել միայն ընտրյալները, իսկ Նիկիտա Պավլովիչին ես իսկապես ընտրյալ եմ  համարում։

Նիկիտա  Սիմոնյանն ականավոր խորհրդային ֆուտբոլիստ է և մարզիչ։ Երևանի «Արարատ» ակումբն առաջին անգամ գլխավորել է 1973 թվականին։ Նրա ղեկավարման ընթացքում ակումբն իր խորհրդային պատմության մեջ բարձրագույն ձեռքբերումն է ունեցել` 1973 թվականին հաղթելով «ոսկե դուբլը»,  ԽՍՀՄ չեմպիոն դառնալով առաջին և միակ անգամ, երկրի գավաթի եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին»։ Երկրորդ անգամ Սիմոնյանը Հայաստանի լավագույն ակումբը ղեկավարել է 1984-85 թվականներին։