«Մեղրի» ազատ առևտրի գոտու գործարկումը քիչ հավանական է․ խոշորացված համայնքի ղեկավար

Քրեական գործից բացի, գործարկման գործընթացին խանգարում է նաև ազատ առևտրի գոտու տարածքում կանոնադրության և «խաղի կանոնների» բացակայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ «Մեղրի» ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) գործարկումն այս պահին քիչ հավանական է, բայց կառավարությունը չի հրաժարվում դրա շահագործման մտադրությունից։ Այդ մասին լրագրողներին հետ զրույցում ասաց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Ինչո՞ւ նրանք, ոչ թե Հայաստանը. իրանական կողմը խոսել է ազատ առևտրի շահաբաժնի մասին

Կառավարության 2017թ-ի որոշմամբ` «Մեղրի» ազատ տնտեսական գոտու համար նախատեսվել է 70 հեկտար տարածք, ծրագրվել է մինչև 2027թ-ը բացել 1500 աշխատատեղ և ապահովել 300 միլիոն դոլարի ներդրում։ Ընդ որում` նախագծի առաջին փուլի մեկնարկը նախատեսված էր 2018թ-ին, որը պիտի ավարտվեր 2020թ-ին։

Զաքարյանը կարծում է, որ ԱԱԳ ստեղծելը գեղեցիկ ու հեռանկարային գաղափար է, որի իրագործումից ամենից շատ կշահի հենց Մեղրի համայնքը՝ հատկապես հաշվի առնելով ԵԱՏՄ–ի և Իրանի ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։ Սակայն հիմա այդ գաղափարը նրա համար հեռու է իրականությունից, քանի որ գոտու տարածքը զուրկ է տարրական պայմաններից՝ ջրից և էլեկտրականությունից։

Հայաստանն ու Իրանն աշխատում են ազգային արժույթով առևտրի անցնելու ուղղությամբ

«Եթե վաղը գործարարը որոշի մի քանի միլիոն դոլար ներդնել, ապա ոչ ոք չի կարողանա նրան տրամադրել այդ գոտու պայմանները և «խաղի կանոնները», քանի որ չկա մշակված կանոնադրություն և սահմանված կանոններ», - նշեց համայնքի ղեկավարը։

Զաքարյանի խոսքով` ազատ առևտրի գոտուն խանգարում է հողի հարցը, մասնավորապես` հողատարածքների գնման ժամանակ անօրինական աճուրդների հարցով քրեական գործը։ Այդ համատեքստում նա հավելեց, որ Մեղրի համայնքը պատրաստ է իր հողերն անհատույց տրամադրել գոտու համար, բայց միայն այն դեպքում, եթե դա պետական սուբյեկտ լինի։

«Կառավարությունից ասում են, որ ամեն ինչ լավ է լինելու, ես՝ որպես լավատես, հավատում եմ դրան», - եզրափակեց նա։

Նշենք, որ այսօր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում, որը պաշտոնապես բացվել է 2017թ-ի դեկտեմբերին, ընդամենը մի քանի ենթակառուցվածք կա։ Էկոնոմիկայի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին Sputnik Արմենիային, որ ԱԱԳ–ի տարածքում ոչ մի ընկերություն չի գործում։ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ընկերության հեռախոսն ուղղակի անջատված է, իսկ այդ ընկերության գրասենյակը, որը նախկինում էկոնոմիկայի նախարարության շենքում էր, փակ է։

«Մեղրի» ազատ առևտրի գոտու տարածքում չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ստացված տեղեկությունների համաձայն` Մեղրի ԱՏԳ-ի հարևանությամբ գտնվող համայնքի ղեկավարը 2014թ-ին 2,5 միլիոն դրամով օտարել է 32 հա հող, իսկ 2016թ-ին գյուղապետը կեղծ աճուրդում իր աներորդուն 2 միլիոն դրամով վաճառել է 1,4 հա տարածք։ Քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել։

«Ես նախագիծ էի սկսել Իրանի սահմանին, իսկ իշխանությունն ամեն ինչ իմ դեմ շրջեց». հայ ներդրող