ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հարազատները հերքել են տարբեր ԶԼՄ-ներում և տելեգրամ ալիքներում, այդ թվում՝ Mash-ում, հրապարակված լուրերը։
Mash տելեգրամ ալիքը, իսկ հետո նաև մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկն անզգայացած վիճակում է։
«Դա հատուկ ախտորոշում է, որի դեպքում հիվանդը չի արձագանքում շրջապատին և չի նկատում մարդկանց։ Մթագնած գիտակցության պատճառով դերասանուհին մշտապես քնած է։ Նա չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, նրան տեղափոխում են հատուկ սայլակներով։ Այժմ բժշկական կենտրոնի աշխատակիցները փորձում են այնպես անել, որ նա չընկնի նախակոմային վիճակի մեջ», - գրել է տելեգրամ ալիքը։
Դերասանուհու ընտանիքը Instagram-ում հերքել է այդ նորությունը և ընդգծել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ «Mash ալիքը պարբերաբար սուտ է հրապարակում»։
«Մենք կարծում ենք, որ ուրախության մասին պատմելը կարևոր է, իսկ ծանր իրավիճակը յուրաքանչյուրը յուրովի է ապրում և ունի դրա լիակատար իրավունքը։ Մենք պատրաստ չենք անկոչ հյուրերի այցերին, անթույլատրելի ենք համարում, երբ տարբեր պարբերականների ներկայացուցիչները դարանակալում են հիվանդանոցի կամ տան մոտ՝ թքած ունենալով հաստատության այցելուների և աշխատակիցների հանգստի վրա, երբ որոնում են «ինսայդերների», պատրաստ են վաճառել հիվանդ մարդու լուսանկարը», - ասվում է Զավորոտնյուկի էջում հրապարակված գրառման մեջ։
Միաժամանակ, դերասանուհու վրդովված հարազատները հրապարակել են տելեգրամ ալիքի տարբերանշանը՝ վրան խաչ քաշած։ Նրանց խոսքով՝ այդ ալիքը բացահայտ սուտ է տարածում։
«Մենք ուզում ենք, որ երկիրը ճանաչի իր «հերոսներին»։ Վերնագրերը, որոնք այսօր հրապարակվում են մամուլում, բարու և չարի սահմանագծին են։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք՝ ոչ, դա սուտ է», - գրված է լուսանկարի տակ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։
«Սա անտանելի է». Զավորոտնյուկի դուստրը մոր հիվանդությունից հետո առաջին անգամ խոսել է
ԶԼՄ–ների տվյալներով` 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը, գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։
Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։
Մինչ Անաստասիա Զավորոտնյուկի մենեջերները լռում են, ԶԼՄ–ները կաշառում են բժիշկներին