Խոշոր բիզնես ասելով` հասկանում ենք մի գիշատիչ, որ հարձակվում ու բոլորին ուտում է. Փաշինյան

ՀՀ վարչապետը գործարարների հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանում գործարարի կերպարի նկատմամբ ձևավորված հանրային կարծրատիպի փոփոխությունը, քանի որ ժամանակին գործարար էր համարվում նա, ով սափրագլուխների խմբեր ուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանում խոշոր բիզնես ասելով` հասկանում են ինչ–որ վատ բան, այդ վերաբերմունքը պետք է փոխվի։ Այսօր Արագածոտնի մարզում գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է կամաց–կամաց խոշոր բիզնեսը չընկալենք որպես ինչ–որ գիշատիչ մի բան, որ հարձակվում է բոլորի վրա ու բոլորին ուտում»,– նշեց վարչապետը։

Փաշինյանը կարևորեց խոշոր բիզնեսի նկատմամբ հասարակական վերաբերմունքը վերաիմաստավորելու խնդիրը։

«Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ». Փաշինյան

«Գործարարը նա էր, ով 10 մեքենայով էր շրջում, ով սափրագլուխների խմբեր ուներ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ գործարարի կերպարի դեմոնիզացիան պայմանավորված է եղել գործարարների նմանօրինակ վարքով։ Բայց այսօր, Փաշինյանի խոսքով, Հայաստանում գործարարների նոր խավ է ձևավորվում, որոնք կարող են փոխել գործարարի կերպարի նկատմամբ հանրային ընկալումը։

Միաժամանակ, վարչապետի համոզմամբ, փոքր բիզնեսի նկատմամբ ևս տարիներ շարունակ ոչ ճիշտ մոտեցում է ձևավորվել։

«Մեզ մոտ փոքր բիզնեսը գիտակցվում է որպես յոլա տանելու բան, որին պետք է մի կերպ յոլա տանենք, որ ոտքի տակ չընկնի»,– ասաց վարչապետը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, Հայաստանում տնտեսական զարգացումը պետք է իրականացվի այն տրամաբանությամբ, որ խոշոր բիզնեսը պիտի դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը։ Այն պետք է զարգանա ու իր հետևից տանի նաև միջին ու փոքր բիզնեսը։

Փաշինյանը գրել է իր խոստման մասին, որն իրականություն է դարձնում ռուսաստանցի գործարարը

«Փոքրը բիզնեսը նրա համար է , որ դառնա միջին բիզնես, միջին բիզնեսը նրա համար է, որ դառնա խոշոր բիզնես, խոշորը նրա համար է, որ դառնա գլոբալ բիզնես»,– ասաց Փաշինյանը։

Երկրի տնտեսական զարգացման համար վարչապետը կարևորեց հողային ռեֆորմը` նշելով, որ կառավարությունն այսօր աշխատում է հողային նոր օրենսգրքի նախագծի վրա։

Վարչապետի խոսքով` գյուղատնտեսությունն իր ներկա վիճակով չի ապահովում զարգացման ցանկալի մակարդակ։ Դրա համար անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսությունը, որի հնարավորություններն էլ սահմանափակում է հողային գործող օրենսգիրքը։ Դրանով գյուղատնտեսական հողերի վրա արդյունաբերական գործունեությունն այսօր արգելված է։

Նշենք, որ այսօր մեկնարկել է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը։