«Համայնքներում գրադարաններ են փակվում․ գիրք կա, ընթերցող կա, ֆինանսներ չկան». Հովասափյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գրադարանների վիճակին։
Sputnik

Օպտիմալացման հետևանքով համայնքներ կան, որ այլևս գրադարան չունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը։

Ի՞նչ գրքեր են կարդում իշխանությունները և ինչպե՞ս է ձևավորվում ժամանակակից ընթերցողի ճաշակը

«Համայնքերում գրադարաններ են փակվում․ գիրք կա, ընթերցող կա, ֆինանսկան միջոցներ չկան։ Համայնքների  հաստիքացուցակում գրադարանավարի հաստիք այլևս չկա»,-ասաց նա։

Հովասափյանը նշում է, որ ներկայում պետության հովանու տակ ընդամենը 10 գրադարան է գործում, մնացածները համայնքային են։

«Պետական գրադարաններում գրեթե բոլոր հարցերը լուծված են, անգամ նոր հրատարակված գրականությունն է շատ արագ հայտնվում գրադարակներում, մինչդեռ համայնքային գրադարանները փակվում են»,- նշեց մասնագետը։

Հովասափյանը կարծում է, որ համայնքների մշակութային  ծրագրերում պետք է փոփոխություն կատարվի և գրադարանների առկայությունը պարտադրվի։ Գործող օրենքով, համայնքի ղեկավարն ինքն է որոշում՝ համայնքն ուենա գրադարան, թե ոչ։ 

2018-ի թոփ 10 վաճառված գրքերը. ի՞նչն է ամենից շատ հետաքրքրում հայ ընթերցողին. Վարդանյան

Մասնագետը վստահ է`չպետք է հաշտվել այս իրավիճակի հետ, պետք է պայքարել, որպեսզի բոլոր համայնքներում  անպայաման գրադարաններ գործեն։ 

Համայնքային գրադարանների փակման խնդրով նախարարությունը դիմել է կառավարությանը։

Նշենք, որ այս տարի Գրադարանավարի օրը նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին։ Բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Երևանում և մարզերում։ 

Կառավարության որոշմամբ` 2004թ.-ից հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում նշվում է որպես Գրադարանավարի օր: