ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանը ցավով է ընդունել Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածը։ Այս մասին դատարանում լրագրողներին հայտնեց Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Նա ասաց, որ հոկտեմբերի 2-ին, երբ հիվանդանոցում հանդիպել է հորը, խոսել են նաև Հայկ Հարությունյանի մահվան մասին։
«Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում ինքը միշտ շատ է գնահատել, պարկեշտ և իր գործը շատ ճշգրիտ կատարող անձնավորություն է համարել։ Նա այն կերպարը չէր, որ սխալ բաների մեջ ներգրավված, թաթախված լիներ»,– ասաց Քոչարյանի որդին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 23։50-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նախկին ոստիկանապետը վերջին մի քանի օրն ամառանոցում է եղել, ընդ որում՝ ոչ մենակ:
Sputnik Արմենիային դեպքից որոշ մանրամասներ էին հայտնի դարձել. նախկին ոստիկանապետը թոշակի անցնելուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բջնիի ամառանոցում:
Ըստ շրջանառվող լուրերի` տանը եղած անձն է լսել կրակոցի ձայնը, ապա հյուրասենյակում գտել Հարությունյանի դին: Նա խուճապահար դուրս է եկել տնից ու պատահական անձանցից օգնություն խնդրել:
Մարդիկ արձագանքել են և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին, նաև ահազանգել շտապօգնություն:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 24-ին հարցաքննվել էր մահվան օրը նրա հետ գտնվող անձը, որն ասել էր, որ իր և Հարությունյանի խոսակցության բովանդակությունը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրա վրա և, առհասարակ, որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործում ներգրավված է շուրջ 800 վկա։ Նրանց շարքում նշվում էր նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը։
Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կդառնար 64 տարեկան: