Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա.
Խաչքարերի հետ մեկտեղ վիշապաքարերը կամ պարզապես վիշապները հանդիպում են միայն այն շրջաններում, որտեղ ապրել կամ ապրում են հայերը։ Սակայն ի տարբերություն խաչքարերի, որոնց իմաստը, նշանակությունը, ինչպես նաև ծագումը քաջ հայտնի են, վիշապաքարերը դեռ բազմաթիվ առեղծվածներ ունեն...
Որտե՞ղ են բնակվել «վիշապները»
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանն այդ կոթողները բացառիկ երևույթ է համարում համաշխարհային հնագիտության և հին աշխարհի մշակույթի մեջ։
«Նման բան այլևս ոչ մի տեղ չկա։ Այդ հուշարձանների շնորհիվ մենք կարող ենք ուրվագծել հին ժողովուրդների դիցաբանական պատկերացումներն ու նրանց պաշտամունքի առարկաները», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գիտնականը։
Վիշապաքարերը կերտված են քարի ամբողջական կտորներից` ձկան տեսքով, իսկ վրան հաճախ օձերի, ցլերի, երբեմն էլ ոչխարների կամ թռչունների զարդանկարներ կան։ Դրանցից մի քանիսի երկարությունը ավելի քան 5 մետր է։ Որպես կանոն, վիշապաքարերը տեղադրվում էին բարձր լեռների վրա, հաճախ` լճափերին կամ գետերի ակունքների մոտ։
Վիշապաքարերի մեծ կուտակումներ են հանդիպում ժամանակակից Հայաստանի տարածքում, մասնավորապես` Գեղամա լեռնաշղթայում (Սևանա լճի արևմտյան ափերին) և Արագած լեռան լանջերին, ավելի քան 2.5 հազար մետր բարձրության վրա։ Բացի դրանից, վիշապաքարեր կան Վրաստանի հայաբնակ շրջանում` Ջավախքում, և Արևմտյան Հայաստանի Տայք գավառում (այժմ` Թուրքիայի տարածք)։
Ընդհանուր առմամբ, հայտնի է շուրջ 150 վիշապաքարի մասին։ Դրանց ճնշող մեծամասնությունը հայտնաբերվել է ժամանակակից Հայաստանում։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն` ամենահինն ավելի քան 4 հազար տարեկան է։
Այսօր որոշ մենհիրներ տեղափոխվել են Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան («Սարդարապատ»), ինչպես նաև Երևանի մի քանի զբոսայգիներ, որպեսզի ցանկացողները կարողանան տեսնել դրանք։
Վիշապ` առանց թևերի ու կրակի՞
Վիշապների նշանակության մասին բազմաթիվ վարկածներ կան։ Դրանցից մեկի համաձայն` այն ջրի աղբյուրը փակող առասպելական դևին պատկերող քանդակ է։ Մյուսների համաձայն` մեգալիթները նվիրվում էին սիրո և պտղաբերության աստվածուհի Աստղիկին կամ հայկական դիցաբանության` մեռնող ու հարություն առնող կերպարին` Արա Գեղեցիկին։ Կարծիք կա նաև, որ հնում դրանք օգտագործվել են որպես «մարկերներ»` ստորգետնյա ջրի աղբյուրների գտնվելու վայրը նշելու համար։
Արմեն Պետրոսյանի կարծիքով, սակայն, վիշապաքարերը ցուցադրում են հայկական և հնդեվրոպական դիցաբանությունների կապը։
«Ընդունված է համարել, որ հայկական դիցաբանության վրա ուժեղ ազդեցություն է թողել պարսկականը։ Իսկապես, իրանական մշակութային ազդեցությունը տարածվում էր ոչ միայն հայերի, այլև մյուս ժողովուրդների վրա, որոնք բնակվում էին Փոքր Ասիայից մինչև Միջագետք ձգվող տարածքում։ Սակայն, ի սկզբանե, հայկական դիցաբանությունը կապված էր հնդեվրոպականի հետ...»,–ասում է գիտնականը։
Եվրոպական վիշապը թևավոր օձ է, որը կրակ է արձակում։ Իսկ հայկականը «մեծ, առասպելական ձուկ է կամ օձ»։ Բացի այդ, մենհիրները նաև «աժդահա» են անվանում, Աժի Դահակ իրանական դիցաբանության կերպարներից մեկի անունով։
Այդ կերպարը գիտնականը կապում է շանթարձակի, այսինքն` շանթարձակ աստծու, առասպելական ախոյան օձի հետ։ Պետք է հիշեցնել, որ շանթարձակի և օձի դիմակայությունը հնդեվրոպական դիցաբանության կենտրոնական սյուժեներից մեկն է («հիմնական առասպելի» տեսություն, որը ստեղծել են խորհրդային լեզվաբաններ Վյաչեսլավ Իվանովն ու Վլադիմիր Տոպորովը XX դարի 60-70-ականներին)։
«Բարեբեր կրակի» ճշմարտացիությունը, կամ անգամ ֆիզիկոսն է հավատում աստծո գոյությանը
«Բանն այն է, որ վիշապօձի հնդեվրոպական բառարմատը *wel-ն է, որը հայերենում փոխակերպվել է «գեղ» արմատի։ Հենց այս արմատից են ծագում այնպիսի անվանումները, ինչպիսիք են Գեղաման (Սևանա լճի հին անվանումը), Գեղամա լեռնաշղթա, Գեղարքունիք։ Եվ հենց այստեղ էլ` Գեղամա լեռնաշղթայում, հանդիպում են ամենաշատ վիշապաքարերը (մոտ 60)։ Իսկ ամենաշատը դրանք կուտակված են Գեղ լեռան վրա և Գեղի ամրոցի շուրջ։ Սա նշանակում է, որ ի սկզբանե այդ կոթողները կոչվում էին հենց «գեղ», իսկ իրանական «վիշապն» ավելի ուշ է եկել», – ասում է Պետրոսյանը։
Գիտնականը պնդում է, որ այս փաստն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ հայկական ավանդույթներում պահպանվել են բուն հայկական` հնդեվրոպական դիցաբանության հետքերը։ Այսինքն` վիշապաքարերը, որոնք իրանական մշակույթի ազդեցությանը ենթարկվելուց շատ առաջ կոչվում էին ոչ այլ ինչ, քան «գեղ» և նշանակում առասպելական օձ, հայ դիցաբանության մեջ հնդեվրոպական տարրերի լավագույն ապացույցն են:
Գիտնականներ. վաղ անցյալում մարդիկ օրական վեց ժամից շատ չէին քնում
Որպես իր խոսքերի ապացույց` Պետրոսյանը բերում է նաև այն փաստը, որ բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` նաև արմենների, խեթերի, սկանդինավցիների բանահյուսական ավանդույթներում շանթարձակի ախոյան օձը պատկերվում էր հսկայական ձկան տեսքով։ Եվս մեկ բան, որը հնդեվրոպական դիցաբանության գլխավոր սյուժե է հիշեցնում` վիշապաքարերի վրա ցլի գլխի պատկերն է, քանի որ ցուլը ամպրոպի աստծու խորհրդանիշն է աշխարհի շատ ժողովուրդների ավանդույթներում, այդ թվում` հնդեվրոպական ավանդույթում: