Նա սիրել է Հայաստանը և հորինել «Միմինոյի» թևավոր արտահայտությունը. մահացել է Գիա Կանչելին

Թբիլիսիում կյանքի 85–րդ տարում վախճանվել է «Միմինո» և «Կին–ձա–ձա» հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Գիա Կանչելին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Մահացել է վրացի կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին։ Այդ մասին հաղորդում է Interpressnews.ge կայքը։

Վերջին շրջանում նա հիվանդ էր ու բուժում էր անցնում Թբիլիսիի սրտաբանական հիվանդանոցում։

Կանչելին վերջին անգամ Հայաստանում է եղել 2017թ.–ին փառատոնի շրջանակում, որտեղ հնչել են նրա ստեղծագործությունները։ Այդ ժամանակ հայտնի կոմպոզիտորը հյուր էր եկել Sputnik Արմենիային։

Կանչելին հայ լրագրողներին խոստովանել էր, որ իր կյանքի կեսը կապված է Հայաստանի հետ։ Ինքը հաճախ է ժամանակ անցկացրել Դիլիջանի կոմպոզիտորների տանը։ Այնտեղ նա գրել է իր վեց սիմֆոնիաները։

Կանչելի. «Երջանիկ կլինեմ, եթե մեկ անգամ էլ Երևան գամ»

Նա միշտ իր նոր ստեղծագործությունները ցույց է տվել կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։

Կաչելին շատ ջերմ հարաբերություններ է ունեցել հայտնի  դերասան Մհեր Մկրտչյանի հետ։ Նա «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է, նա էլ հայտնի է դարձրել Դիլիջանի ջուրը։

Հենց Կանչելիին է հաջողվել համոզել «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիային սցենարում ներառել այն արտահայտությունը, որ աշխարհում ամենալավ ջուրը Դիլիջանում է, քանի որ Կանչելին երկար տարիներ ապրել է հենց այնտեղ։