Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը:
Արցախի օմբուդսմանը նշել է, որ իր ելույթում կարևորել է կոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մարտահրավերներն ու նաև միջազգային ընդգրկվածության հետ կապված խաչընդոտների վերհանումը: Հիմնական օրինակները բերվել են Արցախի հանրապետությունից, որոնք դիտարկվել են ավելի լայն հայացքով:
Արցախի կարգավիճակի վերաբերյալ իր կոնսենսուսը ժողովուրդը բազմիցս արտահայտել է. Ալավերդյան
«Ելույթում առկա գլխավոր ուղերձներից առաջինն այն է, որ մարդու իրավունքները համընդհանուր են և չպետք է որևէ հանգամանքով պայմանավորված՝ ոտնահարվեն կամ սահմանափակվեն: Բոլորը համամիտ էին, որ այսպես կոչված գորշ գոտիներ կամ չկարգավորված կոնֆլիկների տարածքներ անսահմանափակ ազատ մուտք պետք է ունենան մարդու իրավունքների մշտադիտարկում իրականացնող միջազգային կառույցները: Այդուհանդերձ, խնդիրը դեռ լուծված չէ, և մարդիկ չեն կարողանում մուտք գործել նշված տարածքներ, ու չճանաչված երկրների հասարակություններն ու կազմակերպությունները միջազգային ծրագրերում չեն ընդգրկվում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Երկրորդ ուղերձն այն է, որ պետք է և՛ մշտադիտարկել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը դե ֆակտո պետություններում, և՛ օգնել նշված երկրներին, որպեսզի զարգանան հասարակությունների կարողությունները, որպեսզի կայացած ինստիտուտների միջոցով տեղում ձևավորվեն ավելի ամուր մեխանիզմներ:
Երրորդ ուղերձով՝ չպետք է լինեն նույնիսկ կոնֆլիկտով պայմանավորված խախտումներ: Օրինակ՝ Ադրբեջանի պարագայում գրանցվել են բազմաթիվ խախտումներ ու սահմանափակումներ:
Չորրորդ ուղերձն էլ այն է, որ պետք է լսել դե ֆակտո պետությունների իրական, ընտրված իշխանություններին, և գործընթացը պետք է լինի ներառական: