Վերաքննիչ դատարանը հրաժարվել է քննել Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը

Դատարանի որոշման համաձայն` Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու մասին առաջին ատյանի որոշումը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Դատական տեղեկատվական համակարգում այսօր հրապարակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի սեպտեմբերի 25-ի որոշումը` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին։ Որոշումը կայացվել է դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ։

Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

Բանն այն է, որ այդ բողոքով փաստաբանները բողոքարկել էին Քոչարյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին առաջին ատյանի որոշումը։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

«Քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որն ենթակա չէ բողոքարկման, ինչը հիմք է պաշտպանների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»,– ասված է դատարանի որոշման մեջ։

Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. «Իզմիրլյանի» տնօրենը բացատրեց` ինչու

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

Իսկ սեպտեմբերի 20-ին նույն դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: