ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Իրանի էներգահամակարգերի միջև։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի ընթացքում, որն ընթանում է Երևանում։
Համաժողովը, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները, կազմակերպվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի նախաշեմին, որը տեղի կունենա հոկտեմբերի 1–ին` եվրասիական հնգյակի պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Դրա նպատակն է եվրասիական տարածությունում ամրապնդել առևտրային–լոգիստիկ սխեմաները։
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք որոշել այն արգելքների հաղթահարման մեխանիզմները, որոնք խոչընդոտում են տարանցիկ միջանցքների գործունեությունը։ ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության շրջանում մենք առավելագույն ջանքեր ենք գործադրել խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հաղորդել մեր երկրների քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու համար», – ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` ԵԱՏՄ–ում արդեն գործում է Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, իսկ վաղը նույնպիսի համաձայնագիր կստորագրվի Սինգապուրի հետ։ Հոկտեմբերին ուժի մեջ կմտնի Իրանի հետ արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը, բանակցություններ են ընթանում Չինաստանի, Սերբիայի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ։ Դա կուժեղացնի եվրասիական աշխարհամասի ինտեգրացումը։
«Բացի դրանից, Հայաստանը կարող է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալ, որը կմիավորի ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի շուկան և Իրանի էներգահամակարգը», – ավելացրեց Փաշինյանը։
Նշենք, որ Սինգապուրի հետ համաձայնագիրը կստորագրվի Երևանում հոկտեմբերի 1–ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի շրջանակում։