ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանը կարող է միացնող օղակ դառնալ Մետաքսի ճանապարհի ու Արևելյան գործընկերության տրանսպորտային նախագծերի համար։ Այսօր Երևանում անցկացվող «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» համաժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ինչպես գիտեք, Հայաստանն ասոցացման համաձայնամանագիր ունի ԵՄ–ի հետ, ինչը ենթադրում է ԵՄ գլոբալ նախագծերին մասնակցություն։ Տվյալ դեպքում խոսքը TNT նախագծի մասին է, որը հենց արևելաեվրոպական տրանսպորտային միջանցքների զարգացման ծրագիր է։ Մյուս կողմից, մենք հարավից ունենք Մետաքսի ճանապարհի լայնածավալ նախագիծը։ Այս պարագայում մեր ռազմավարության մշակումն ուղղված է այս երկու ծրագրերի համաչափ մասնակցությանը»,– ասաց Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանի դերը հատկապես կարևոր է Պարսկական ծոցի երկրների, մասնավորապես` Իրանի հետ կապի ապահովման տեսակետից` որպես պոտենցիալ հնարավորությունների, պոտենցիալ ներդրումների հնարավորություն։
«Այդ ներդրումները մենք պատրաստ ենք անել, բայց առաջին հերթին մեզ պետք է հստակ հասկանալ, թե ինչ դեր է հատկացվելու Հայաստանին այդ գործընթացում»,– ասաց ՀՀ փոխվարչապետը։
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, արձագանքելով ՀՀ փոխվարչապետի ելույթին, հիշեցրեց, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը միայն վերջերս է նախաստորագրվել։
«Իրանը լրգաջույն ու մեծ խաղացող է ԵԱՏՄ հարթակի համար։ Մհեր Հերբերտովիչը շատ զգուշորեն Արևվելյան գործընկերություն կոչեց ԵՄ–ի և հարավ–արևելյան Եվրոպայի երկրները` նկատի ունենալով նաև ելքերը դեպի Սև ծով, վրացական միջանցք և այլն։ Անշուշտ սա թեմա է, որը, բնականաբար, չի կարող վրիպել մեր ուշադրությունից։ Բայց ինձ թվում է, որ բոլոր այս հարցերի զգայունության հետ մեկտեղ, ամենակարևոր հարցը մնում է թվային տեխնոլոգիաների միջոցով բեռնափոխադրումների, տրանսպորտային միջոցների ճշգրիտ հսկողությունը` առանց որի` արդյունավետ տարանցում ընդհանրապես չի կարող լինել» ,– ասաց Խրիստենկոն։
Նրա մեկնաբանմամբ, տարանցումն այն է, երբ բեռնափոխադրողը, գտնվելով ԵՄ–ի տարածքից դուրս, ուղարկում է իր բեռը ԵՄ տարածքից դուրս գտնվող պատվիրատուին ու ոչ միայն տեխնիկական որևէ խնդիր չի ունենում, այլև հաճույք է զգում ավելի մեծ եկամուտ ստանալով, քան, եթե նա ընտրեր տարանցման այլ ուղի։