Նարեկ Մութաֆյանը կալանավորվեց

Իրավապահ մարմիններն աշխատանքներ են տանում դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը։

Իշխանյան. «Հայաստանում շարունակվում ու խրախուսվում է բռնության մշակույթը»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ էր ընդունել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Միջադեպի մասնակից 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել էր։ Իրավապահ մարմինները աշխատանքներ են տանում դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը պարզելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալվել է

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր Facebook սոցիալական ցանցի էջում այս թեմայով գրառում էր կատարել։ Նախարարը գրել է, որ խստորեն դատապարտում է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը, ըստ նրա, պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:

Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։