ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դիմել է Շենգավիթի քննչական մարմին` ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Կոչուբաևը։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել հոգեբանական ճնշման ենթարկել նրան: Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը քննող ներկայիս դատավորն է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ և երկու անձ` Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը ձերբակալվել են։
«Հուսով եմ՝ օրենքի առջև հավասար են բոլորը, և եթե Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը պետք է դատապարտվեն դատավորին վնգստացող անվանելու համար, ապա նույն արարքի համար պետք է դատապարտվի նաև թեմայի առաջնային կրող, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը»,–գրել է նա։
Նրա խոսքով` վեճի պահին Աննա Դանիբեկյանը հանդես չի եկել որպես դատավոր, հետևաբար, նրա գործունեությանը խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող։ Բացի այդ, ըստ նրա` տղաները վերարտադրել էին Փաշինյանի խոսքերը՝ դատավորների վնգստոցի և փայտով խփելու մասով։
Հիշեցնենք, որ Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը։
Նշենք` սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: