Արսեն Թորոսյանը պատրաստ է ներկայանալ դատարան

Առողջապահության նախարարը հաստատեց, որ Դավիթ Սանասարյանի գործով վկայություն է տվել նախաքննական մարմնին։ Նա պատրաստ է նույնը կրկնել դատարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վկայություն տալ ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի գործով։ Նա այս մասին ասաց լրագրողներին` նշելով, որ որպես օրինապաշտ քաղաքացի պատրաստ է ներկայանալ դատարան։

«Պատրաստ եմ կատարել դատարանի ցանկացած որոշում և կասեմ այն, ինչ արդեն ասել եմ նախաքննության ընթացքում»,– ասաց Թորոսյանը։

Մինչ այդ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե նախաքննության ընթացքում Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տվողների թվում եղել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների հայտարարած հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Արթուր Դավթյանը հրաժարվեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Սանասարյանի պաշտպանները դիմել են դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Այսօր հայտնի դարձավ, որ Սանասարյանի և մյուսների գործն արդեն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: