ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը կարծում է, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը Մարտի 1–ի գործի հետ կապելու հիմքեր չկան։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Որևէ բան բացառել հնարավոր չէ։ Սակայն հարուցված է քրեական գործ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, և պնդել, որ տեղի է ունեցել սպանություն, որքան ինձ է հայտնի, հիմքեր չկան»,– ասաց նա։
Հարցին, թե ճի՞շտ էր Քննչական կոմիտեի կողմից Հարությունյանի մահվան մասին մանրամասներ հայտնելը, մասնավորապես, որ նա մինչ այդ ալկոհոլ է օգտագործել, ինչ–որ կնոջ հետ է եղել` Հովհաննիսյանը պատասխանեց, թե քննիչն ինքն է որոշում` ինչը հրապարակել, ինչը` ոչ։
«Քրեական դատավարության 201–րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած գործով նախնական հրապարակման ենթակա ծավալը որոշում է վարույթն իրականացնող մարմինը` քննիչը»,–ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հայկ Հարությունյանին ստիպել է Մարտի 1–ի գործով ցուցմունք տալ` Հովհաննիսյանը պատասխանեց` ոչ, հերյուրանքներ են դրանք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50 ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:
Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ մահից առաջ Հարությունյանը զգալի քանակությամբ ալկոհոլ է օգտագործել։
Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կդառնար 64 տարեկան: Նա 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` Ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը։ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանակիր է։
2019թ.-ի մայիսին տեղեկություն տարածվեց, որ Հարությունյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1–ի գործի շրջանակում։