Երևանյան 14 բեմահարթակում 45 ներկայացում կցուցադրվի. «Հայ ֆեստը» կմեկնարկի հոկտեմբերին

Թատերասերները «Հայ ֆեստ» շրջանակներում մեկ շաբաթ հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-ից 8-ը: Երևանյան 14 բեմահարթակներից ավելի քան 45 ներկայացում կցուցադրվի  «Իմաստը ներկայում է»  խորագրի ներքո: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հայ ֆեստի» մամուլի ծառայությունից։

«Մենք պետք է գայինք». Վլադիվոստոկի Գորկու անվան թատրոնը 4 ներկայացում է բերել Երևան

«Երևանյան թատրոններից փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «ԳԱԿ/Փոքր թատրոն», «Միհր» թատրոնները և ոչ միայն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Այս տարի «Հայ ֆեստը» կհյուրընկալի 24  երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնի նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իսրայելից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: 
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն Նովոսիբիրսկից, Բելգիայից, Շվեդիայից,  Բրիտանիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած թատերական խմբերի  ներկայացումները։    

 Նշենք, որ «Հայ ֆեստն» ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ»։

Լավագույններից մեկը կլինի. Վրաստանի նախկին վարչապետը հայկական թատրոն է կառուցում

Արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով, տոմսերով և անցագրերով: 
Նշենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: Փառատոնի նախագահը Արթուր Ղուկասյանն է:

2006 թվականից «Հայ ֆեստը» գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): Փառատոնին աջակցում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

2019թ.-ին Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: