ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի (նա նաև երգչուհու պրոդյուսերն է) մեկնաբանությունը, որը վերաբերում է ՊԵԿ-ի հայտարարությանը հաջորդած աղմուկին։
«Անհարմար է, պարոնա՛յք, մի՛ արեք նման բաներ»,-լուսանկարին կից գրել է երգչուհին:
Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը օրերս հայտնել էր, որ շոու բիզնեսի 9 ներկայացուցչի կոնկրետ նամակ են ուղարկել` հորդորելով հայտարարագրել եկամուտները։ Նա հստակ անուններ չէր նշել, և դրանից հետո ԶԼՄ–ներում ու սոցցանցերում սկսել էին տարբեր անուններ քննարկել, այդ թվում` Լիլիթ Հովհաննիսյանի։
Վահրամ Պետրոսյանը հերքել է երգչուհու հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:
«Ծանոթացել եմ ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը, և դրա մեջ չկա Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Վստահ եմ` այդ հայտարարությունը չի վերաբերում Լիլիթին, քանի որ այս տարի գրեթե Հայաստանում չենք եղել՝ Լիլիթի համաշխարհային շրջագայության պատճառով: Իսկ 2018-ին Լիլիթը որևէ համերգ չի ունեցել՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում»,- պարզաբանել է Պետրոսյանը և հավելել, որ վերջին երկու տարիներին ստիպված են եղել մերժել համերգների բազմաթիվ առաջարկներ, որպեսզի բոլոր այդ համերգներն ընդգրկեն 2019 թվականի «Dream world tour» համերգային շրջագայության մեջ:
Վահրամ Պետրոսյանը նշել է, որ իրենք 2019 թվականի համերգային շրջագայության համար վաղուց վճարել են, չնայած որ կարող էին դա անել մինչև 2020-ի ապրիլը:
«ՊԵԿ-ի անանուն հայտարարությունը Լիլիթի անվան հետ կապելը պարզապես լրագրողի երևակայության արդյունքն է: Իհարկե, վատ չէր լինի, որ այդպես լիներ, նման եկամուտից հետո, սիրով թոշակի կգնայինք»,- կատակել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում, ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Մամուլում սկսեցին շահարկել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում և համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը։
Ավելի վաղ ՊԵԿ-ը վերջին նամակն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի: Մամուլում շահարկվում է Սոնա Շահգելդյանի, Իվետա Մուկուչյանի, Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Թաթայի, Անդրեի և Արման Հովհաննիսյանի անունները:
ՊԵԿ–ում խնդիրներ են առաջացել. հարկ վճարողները չեն կարողանում հաշվետվություն ներկայացնել
Երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրն ու պրոդյուսերը՝ Հակոբ Հակոբյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն հարկային դաշտում են:
«Ավելի շուտ էլ կլինեինք հարկային դաշտում, բայց հարկվելու մեխանիզմներին ծանոթ չէինք, հետաքրքրվեցինք և տեղեկացանք, որ ԱՁ է պետք բացել: Այժմ ամեն ինչ կարգին է և օրինական: Նախորդ տարվա` պետությանը հասանելիք գումարը պատրաստ ենք վճարել, երբ կտեղեկացնեն, թե որքան է այն կազմում»,-ասաց Հակոբյանը:
Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Թաթան հարկեր վճարում է ոչ թե որպես անհատ ձեռներեց, այլ ՍՊԸ-ի միջոցով, հետևաբար, հնարավոր է, այդտեղից էլ առաջացել է շփոթմունքը։
«Մենք միշտ վճարել ենք և հիմա էլ վճարում ենք հարկեր և դա կարող ենք ապացուցել»,-ասաց պրոդյուսերը և հավելեց, որ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ դեռ հարկվելու մեխանիզմներին չեն տիրապետում:
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում երգիչ Արման Հովհաննիսյանը նշել էր, որ առաջին տարին չէ, որ հարկ է վճարում։
«Իմ գործունեության առաջին օրվանից սկսած ես պատշաճ կատարում եմ հարկային պարտավորությունները: Արդեն 10 տարի է հարկ եմ մուծում, ինչի՞ են մեր անունը կեղտոտում: Եթե ես հայրենասեր եմ, ապա իմ գործունեության հենց առաջին օրվանից պետք է հարկ մուծեմ»,-ասել է երգիչը
Հիշեցնենեք, որ սեպտեմբերի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը շոուբիզնեսի ներկայացուցիչների անուններ չէր տվել՝ նշելով միայն, որ եղել են հորդորներ՝ ներկայացնել հայտարարագրերը, մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն: