Մահից առաջ Հարությունյանը օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ. նոր մանրամասներ

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ։ Հարությունյանի դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` ինքնասպանության հասցնելը։

Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50–ին ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին։

Դին հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի Բջնիի առանձնատանը։ Վնասվածքը եղել է գլխի շրջանում։