Հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի. Տոնոյանը` փոխգնդապետի հետ կատարվածի մասին

Վայոց Ձորիում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետևողական է լինելու, որպեսզի փոխգնդապետ Արա Մխիթարյանի դեպքի առնչությամբ ամեն ինչ պարզվի։ Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ զրույցում։

«Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է». բժիշկ

«Քանի որ հիմա նախաքննություն է ընթանում, ուստի այս ընթացքում իմ կողմից գնահատական տալը սխալ կլինի։ Մեր գործընկերոջ, մեր զինակցի հետ կատարվածը` ոչ մարտական պայմաններում, պետք է բացահայտվի»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` հետևելու են, որ դատաքննության ընթացքում ամեն ինչ արդար լինի։ Տոնոյանը նշեց, որ Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը. մարզպետի հարցը դեռ պարզ չէ

ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետը նույնպես ներգրաված է Մխիթարյանին ծեծելու գործում։ Երեկ հայտնի դարձավ, որ Տրդատ Սարգսյանը վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։ Նա, ի դեպ, պնդում է, որ որևէ առնչություն չի ունեցել դեպքին, ինչի մասին կան փաստեր։