ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը։
«Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»,– նշել է նա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50 ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:
Ըստ շրջանառվող որոշ լուրերի` տանը նաև մի կին է եղել, որը լսել է կրակոցի ձայնը և հյուրասենյակում հայտնաբերել Հարությունյանի դին: Նա խուճապահար դուրս է եկել տնից ու պատահական անձանցից օգնություն խնդրել:
Մարդիկ արձագանքել են և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին, նաև ահազանգել շտապօգնություն:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ մահից առաջ Հարությունյանը զգալի քանակությամբ ալկոհոլ է օգտագործել։
Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կդառնար 64 տարեկան: Նա 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` Ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը։ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանակիր է։ Հիշեցնենք, որ 2019թ.-ի մայիսին տեղեկություն տարածվեց, որ Հայկ Հարությունյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1 գործի շրջանակում։
Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին