Եղեգնաձորում փոխգնդապետին ծանր վնասվածքներ հասցրած մարզպետի օգնականը կալանավորված է

Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի  առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:  Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը։  Նա նշել է, որ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս։

Զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպը գրանցվել էր սեպտեմբերի 18-ի գիշերը։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։

Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։