«Իմ քայլի» նախագծով Հրայր Թովմասյանին նույնիսկ նկատողություն չեն կարող անել. Վարդևանյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ՝ ԱԺ նախագծում ներկայացված հիմքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը բավարար հիմք չէ ոչ միայն Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու, այլև նույնիսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծը «երեխայական» է. ԲՀԿ պատգամավոր

«Ես գտնում եմ, որ ՍԴ օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմքերի տեսանկյունից, նույնիսկ նկատողության  համար սահմանված ապացուցման շեմը չի հաղթահարվում։ Էլ չենք կարող խոսել էական կարգապահական խախտման մասին»,– ասաց Վարդևանյանը։

Փաստաբանը նաև կարծիք հայտնեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ–ում հարցի քննարկման դեպքում քվեարկությանը մասնակցելու իրավունք չպիտի ունենա։ Նա գործընթացին պետք է մասնակցի բացառապես որպես կողմ։ Միաժամանակ, գործին մասնակցելու իրավունք չպիտի ունենա նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, քանի որ նա իր կարծիքն արդեն հայտնել է և ունի կանխակալ վերաբերմունք։ 

«Իր ներկայացրած դիմումը՝ անհնարինության վերաբերյալ, գրեթե ամբողջությամբ արտատպվել է ԱԺ համապատասխան նախագծում։ Իսկ ՍԴ մասին օրենքը հենց նման դեպքերի համար նախատեսում է կանխակալ վերաբերմունքի ինստիտուտը։ Այլ կերպ ասած` մասնակցության անհնարինության ակնհայտ հիմք»,– ասաց Վարդևանյանը։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի` Քոչարյանի հարցով դիմումի քննությանը մասնակցելու անհնարինության մասին՝ ԱԺ նախագծում ներկայացված հիմքերին` Արամ Վարդևանյանը նշեց, որ դրանք զուրկ են իրավական հիմքերից։

Հրայր Թովմասյան. «Շատով ձվածեղ ուտելն ու օրենք գրելը լավ չէ»

Այսպես` նախագծում ներկայացված առաջին հիմքը Հրայր Թովմասյանի ու Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի անձնական հարաբերություններն են. Թովմասյանն Օրբելյանի մկրտության ու հարսանիքի քավորն է և նախագծի հեղինակների համոզմամբ՝ կանխակալ վերաբերմունք ունի Օրբելյանի նկատմամբ։ Սակայն դիմումի քննարկմանը մասնակցելով՝ այդ հանգամանքը չի դիտարկվել որպես վարույթին իր մասնակցության անհնարինության հիմք։

«ՍԴ–ում դիմումի ներկայացուցիչ եղել եմ ես, և այդպես է 2019 թ.-ի հունվարից։ Առաջին դիմումը ՍԴ ես եմ ներկայացրել։ Բայց փորձ է արվում փոխկապակցվածություն դիտարկել ոչ թե Արամ Վարդևանյանի, այլ Արամ Օրբելյանի հետ, որովհետև, կարծում եմ, բոլորին էլ հայտնի է, որ ես ինքս ՍԴ դատավորներից ոչ մեկի հետ ո՛չ քավոր–սանիկական, ո՛չ որևէ այլ փոխհարաբերությունների մեջ չեմ գտնվում»,– ասաց Վարդևանյանը։

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն Ազգային ժողովը հոկտեմբերից շուտ չի քննարկի

Նախագծում ներկայացված երկրորդ հիմքը վերաբերում է Թովմասյանի` ՀՀԿ–ի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված լինելուն։

«Պարոն Հրայր Թովմասյանը 2010թ–ից ի վեր մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ ՀՀ–ում։ 2012թ.–ից հանդիսացել է ՀՀԿ անդամ` մինչև ՀՀ 6-րդ գումարման ԱԺ կողմից ՀՀ ՍԴ անդամ նշանակվելը»,-գրված է նախագծում։

Քոչարյանի փաստաբանն այս հիմքի վերաբերյալ ևս իր կարծիքն ունի։ Նրա խոսքով, ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները նախկինում քաղաքական գործունեություն ծավալած անձին չեն արգելում առաջադրվել ու ընտրվել ՍԴ դատավոր։ Եվ այս հարցում Վարդևանյանը վկայակոչում է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի ընտրությունը։

Սուրենյանց. «Եթե իրադարձություններն այս ընթացքով գնան, ապա ՍԴ-ի ճգնաժամը միայն կխորանա»

«ՍԴ–ի վերջին ընտրված դատավոր Վահե Գրիգորյանը ևս ունի քաղաքական փոխկապակցվածություն։ Բայց արդյո՞ք դա խնդիր էր իրենից ներկայացնում։ Ո՛չ։ Նման կերպ մեկնաբանելու դեպքում բոլոր այն օրենքները, նախաձեռնությունները, որ կընդունվեն սույն գումարման ԱԺ–ի կողմից,  Վահե Գրիգորյանը պիտի չմասնակցի՞ դրանց ՍԴ–ում քննությանը։ Իհա՛րկե ոչ։ Պետք է մասնակցի: Ուղղակի պարտավոր է մասնակցել, որովհետև հենց անձն ընտրվում է ՍԴ դատավոր, այդ կապվածությունը դադարում է։ Անձը, ստանձնելով այդ պաշտոնը` ունենում է ներքին կարողություն` ջնջելու այդ հատվածը, այդ էջը փակելու»,– ասաց Վարդևանյանը։

«Իմ քայլի» նախագծում հիշատակվում է նաև այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը 2008թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների ու դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ նախկինում կարծիքներ է արտահայտել ու պնդումներ արել։

Արամ Վարդևանյանը, սակայն, շեշտում է, որ ՍԴ-ն Քոչարյանի փաստաբանների դիմումով  քննության է առել ոչ թե 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները, այլ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն արդեն պատրաստ է. Միրզոյան

«Քրեական գործեր ՍԴ–ում չեն քննվում։ Երբ խոսվում է Մարտի 1-ի գործի մասին, Մարտի 1-ի գործը ՍԴ–ում երբեք չի քննվել։ ՍԴ–ում քննվում են նորմեր, ոչ թե  գործեր։ Երբ քննվող նորմի մասին հայտարարություն է արվում, այդ ժամանակ կարող է դա գոնե քննարկման առարկա դարձնել։ Բայց, իհարկե, այդպիսի հայտարարություն պետք է լինի ՍԴ դատավորի կարգավիճակում, և ոչ թե այլ կարգավիճակում»,– նշում է Վարդևանյանը` շեշտելով, որ նախկին վկայակոչված հայտարարությունները Մարտի 1-ի մասին՝ Թովմասյանն արել է այլ պաշտոններում ու այլ կարգավիճակում գտնվելիս։ 

Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու  որոշման նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վստահ են, որ ներկայացված հիմքերը կասկած են հարուցում, թե Հրայր Թովմասյանն անաչառ է եղել Քոչարյանի դիմումի քննության ընթացքում։

«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել

Քոչարյանի փաստաբանն էլ հիշեցնում է՝ «Ազգային ժողովը քաղաքական մարմին է։ Այն իրավական հարթակ չէ։ Հետևաբար, ԱԺ գործողությունները միշտ էլ ունենում են քաղաքական զգալի բովանդակություն։ Իսկ հարցի իրավական վերջնական լուծումը տալու է ՍԴ–ն»։

Նշենք, որ որոշման նախագիծն արդեն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում։ Այն պետք է քննարկվի ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի առաջիկա նիստում, ապա ներառվի Աժ հերթական նիստի օրակարգում։

ԱԺ–ում հաստատվելուց հետո միայն դիմումը կուղարկվի ՍԴ։

ՍԴ–ում դիմումը բավարարելու համար դրան «կողմ» պետք է քննարկեն ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։