ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է լավ այլընտրանք դառնալ Հայաստանի գործող իշխանություններին, եթե որոշի զբաղվել քաղաքականությամբ։ Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 18-ին և նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
Ինչպես նշեց Բադալյանը, քաղաքական ուժը, որը ԱԱԾ նախկին ղեկավարը տեսականորեն կարող է ստեղծել, նոր, թարմ «արյուն» կդառնա քաղաքականությունում։
Փորձագետը կարծում է, որ մնացած հայտնի կերպարները, որոնք ցանկանում են ներկայացնել իրենց որպես առանձին քաղաքական գոտի` նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ ներկայացուցիչները, քիչ շանսեր ունեն, և դրանք ապագայում հազիվ թե ավելանան։ Այդ առումով, Վանեցյանը դժվար թե լուրջ մրցակիցներ ունենա։
«Իհարկե, նախկին տնօրենը պաշտոնապես չի ասել, որ զբաղվելու է քաղաքականությամբ։ Բայց հրաժարականի մասին հայտարարությունը նման է քաղաքականություն մտնելու հայտի։ Վանեցյանը լավ վարկանիշ ունի հասարակությունում, որը շատ առումներով չի զիջում վարչապետի վարկանիշին, նա բավական մեծ ռեսուրսներ ունի` կապերի, տեղեկատվության և արտաքին աջակցության տեսքով»,-ասաց Բադալյանը։
Էմոցիոնալ ազգ, կամ Վանեցյանի երկրպագու դարձածները երեկ նրա մեջ հակառակորդ էին տեսնում
Նա կարծում է, որ ԱԱԾ նախկին ղեկավարն ունի անտեսանելի, բայց իրական աջակցություն Ռուսաստանի կողմից։