ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին վերանայել խափանման միջոցն ու ընտրել այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ։
«Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը սահմանափակելու հիմքերն այս պահին բացակայում են»,– դատարանում հայտարարեց Հովհաննես Խուդոյանը` հավելելով, որ Քոչարյանը մշտապես կամավոր ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, երբևէ չի խոչընդոտել նախաքննության ընթացքին։
Փաստաբանի խոսքով` վարույթի մասնակիցներից որևէ մեկը երբևէ նման փաստ չի վկայակոչել։
«Կալանավորման հիմքի բացակայության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել պարոն Քոչարյանի անձը, նկատի ունենալով, որ նա հանդիսացել է Արցախի Հանրապետության առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի ազատամարտում ունեցած մեծ ներդրման համար ստացել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը, ունի հեղինակություն ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանից դուրս»,– ասաց փաստաբանը։
«Քոչարյանին դատել են» վանկարկող մարդիկ քայլերթ են սկսել Երևանում. Զուրաբյանը նրանց թվում է
Հովհաննես Խուդոյանը դատարանին հորդորեց նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի ընտրության դեպքում, դրա չափը որոշելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ Քոչարյանին պատկանող գույքն առ այսօր գտնվում է կալանքի տակ։
Դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին` որքան է փաստաբանների համար ընդունելի գրավի չափը, Հովհաննես Խուդոյանը չպատասխանեց` գրավի չափի սահմանումը թողնելով դատարանի իրավասությանը։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր ելույթում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը` նշելով, որ դրա վրա ազդեցություն է ունեցել ՀՀ իշխանությունների` նախօրեին հնչեցրած հայտարարությունները, թե Սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է։
«Միջամտությունն այս անգամ էլ ավելի բիրտ էր, քան նախկինում, և ես համոզված եմ, որ դուք` որպես դատավոր, չէիք կարող Ձեզ վրա չզգալ այն անհավասարակշռված ճնշումների ազդեցությունը, և Ձեր որոշման վրա չէր կարող չազդել երեկ տեղի ունեցած այդ իրադարձությունը»,– հայտարարեց Ալումյանը։
Օրբելյան. «Դատական համակարգին ճնշում են Քոչարյանի գործով ցանկալի արդյունք ստանալու համար»
Հիշեցնենք, դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդության որոշումը, ըստ որի` նա կմնա կալանքի տակ։