Վարչապետի մամուլի քարտուղարը Վանեցյանին կոչ է անում չկորցնել սպայի արժանապատվությունը

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի հայտարարությանը` կասկած հայտնելով, որ տեքստի իրական հեղինակը Վանեցյանը չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

«Արմենպրեսի»  հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն՝ Վլադիմիր Կարապետյանը, մասնավորապես, պատասխանել է. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Հիշեցնենք՝ այսօր Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։

Սարգսյանը ստորագրեց Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Քիչ անց ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին, որտեղ մասնավորապես հայտնում էր, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին

«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:

Նրա խոսքով` պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։