ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Արագած լեռան տարածքում տեղի ունեցած սարսափելի դեպքից: Sputnik Արմենիայի տեղեկություններով` արջի հարձակման զոհ դարձած տղամարդը 33 տարեկան էր և ապրում էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 31-ամյա նշանածը նույնպես Վարշավայի բնակիչ է:
Մեր տեղեկություններով` աղջիկը որևէ վնասվածք չի ստացել և չի էլ հասպիտալացվել: Երբ արջը հարձակվել է նրանց վրա, նշանածը դիմագրավել է կենդանուն, իսկ այդ ընթացքում աղջկան հաջողվել է որոշակի տարածություն հեռանալ նրանցից ու ահազանգել փրկարար ծառայություն:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք մի քանի օր առաջ էին եկել Հայաստան և տեղափոխվում էին «ավտոստոպի» միջոցով: Ողբերգական դեպքի նախորդ օրն էլ կանգ էին առել Արագած լեռան լանջին գտնվող հյուրատներից մեկում՝ ծրագրելով հաջորդ օրը բարձրանալ լեռը:
Արջը դեռ ոռնում է․ Արագածի այն հատվածը, որտեղ ողբերգական դեպքն է եղել, դեռ վտանգավոր է
Հիշեցնենք` երեկ դժբախտ դեպք էր տեղի ունեցել Արագած լեռան վրա. արջը հարձակվել էր Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա։
ԱԻՆ–ը հայտնել էր, որ այսօր, ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։
Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ Հայաստան եկած զբոսաշրջիկները նշանված էին։ Արջը նրանց վրա է հարձակվել է մոտ 3500 մետր բարձրության վրա։ Կենդանին ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։
Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխն անճանաչելիորեն ջնջխված է եղել։