Երևանում 71–հարկանի շենքը սպիտակ ագռավի նման պիտի ցցվի մի տեղ. ճարտարապետ Հրաչյա Պողոսյան

Երևանում նախատեսվում է 71–հարկանի երկնաքեր կառուցել: Հակասական կարծիքներ ու տեսակետներ են հնչում այս հավակնոտ նախագծի վերաբերյալ: Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է երկնաքերի, քաղաքաշինական և շինարարական խնդիրների մասին։
Sputnik

Վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանին չի ոգևորել Երևանում երկնաքեր կառուցելու գաղափարը։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

«Սպիտակ ագռավի նման այդ երկնաքերը պիտի ցցվի մի տեղ: Ես համարում եմ, որ դա սխալ բան է, որովհետև ամեն բան, ինչ արվում է, պիտի լինի ներդաշնակ իր միջավայրի հետ: Ասենք, դաշտում ցցվեց մի 70–հարկանի շենք, իսկ մեր ամբողջ քաղաքին նայում ես, դա օտար է, աչք է ծակում: Չեմ ասում, որ սեյսմիկ գոտում ենք գտնվում և այլն, որովհետև կարելի է սեյսմիկ գոտում կառուցել բարձր շենք և անել այնպես, որ դիմակայի: Բայց չեմ կարծում, որ մեր քաղաքին դա հատուկ է»,– ասաց նա:

Օգտվելով առիթից` մեր վաստակաշատ զրուցակցին դիմեցինք քաղաքաշինական և շինարարական խնդիրներին վերաբերող այլ հարցերով ևս։

Ընդհանուր տպավորությամբ` մայրաքաղաքում շինարարական որոշակի աշխուժություն է դիտարկվում: Սակայն դա իր հետ բերում է նաև փոշի և աղմուկ, երբեմն այն աստիճան, որ անհնար է չնկատել: Մինչդեռ կան չափանիշներ ու պահանջներ, որոնց շինարարական ընկերությունները պարտավոր են հետևել:

Վերմիշյան․ «Երկնաքերը պետք է լինի ո՛չ այդ տարածքում, և ո՛չ այդպիսի շենք»

«Պահանջներ, իհարկե, կան, և միգուցե զարմանալի թվա, բայց այդ պահանջներն այսօր դրվում են բոլոր նախագծողների առջև: Օրինակ` նախագծերի մեջ անպայման պետք է լինի շինհրապարակի կազմակերպման նախագիծ, մինչև անգամ ամբարձիչ կռունկի ընտրությունը պիտի նշվի։ Այն կետում, որտեղով բեռնատարները դուրս են գալիս, անպայման պետք է ցնցուղ լինի, որի տակով անցնի մեքենան, որպեսզի փոշի չառաջացնի քաղաքում: Իսկ շինարարության օբյեկտը՝ շենքը, պետք է անպայման ծածկվի հատուկ պաստառներով»,– ասաց Պողոսյանը:

Զվարթնոց և Արարատ. ի՞նչ շունչ ու ոգի է դրել ճարտարապետը Ստեփանակերտի Մայր տաճարի հիմքում

Մեր զրուցակցի դիտարկումներով՝ մասամբ են պահպանվում այդ և մի շարք այլ պահանջներ, որոնք պարտադիր են համարվում: Մի տեղ արվում է, մի այլ շինհրապարակում՝ ոչ:

«Որևէ նախագիծ չի կարող հաստատվել շինարարության համար, եթե չունենա այդ շինհրապարակի կազմակերպման թերթերը, շինարարության ժամանակացույցը:

Բայց մենք տեսնում ենք շինհրապարակներ, որ տասնյակ տարիներով այդպես էլ մնացել են: Ինչպես մյուս ասպարեզներում, միշտ չէ, որ օրենքները աշխատում են»,- նշում է նա:

Բնության հուշարձանները գրեթե չեն պաշտպանվում. ի՞նչ են առաջարկում Վերմիշյանն ու Գասպարյանը

Հրաչյա Պողոսյանն անմիջական մասնակցություն է ունեցել այնպիսի դիմագծային կառույցների ստեղծմանը, ինչպիսին էր Երիտասարդության պալատը, ինչպիսին են «Ռոսիա», հետագայում՝ «Այրարատ» կինոթատրոնը (երկու դեպքում էլ՝ համահեղինակությամբ Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչիկյանի), Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը (հեղինակային խմբի հետ)։ Զրույցի ընթացքում չենք շրջանցել այդ ինքնօրինակ ստեղծագործությունների վիճակին ու ճակատագրին վերաբերող հարցերը:

Մանրամասները՝ տեսանյութում: