ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Խաչատրյանին շատ հաճախ եմ տեսակցում և պետք է ասեմ, որ նա առողջական խնդիրներ ունի։ Անձի առողջական վիճակը պայմանավորված է պահման պամաններից, և կալանավայրում չեն կարող այդ պայմաններն ապահովել, որ նա ավելի չվատանա»,–ասաց պաշտպանը։
Նրա խոսքով` Խաչատրյանը ողնաշարի, հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունի. նախկին ՊԵԿ նախագահը 2017թ.–ին Գերմանիայում ողնաշարի վիրահատություն է տարել, նրա մարմնում իմպլանտ է տեղադրվել։
«Պաշտպանյալիս առողջական վիճակի մասին քննչական մարմնին տեղյակ եմ պահել։ Մենք արդեն վերաքննիչ բողոք ենք ներկայացրել առաջին ատյանի դատարանի` Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ»,–ասաց Մակինյանը։
Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է. նոր մանրամասներ. ԶԼՄ
Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։