Էպիլեպսիայով հիվանդ աղջնակի կորչելը հանելուկ է գյուղի համար. ինչպե՞ս է եղել. մանրամասներ

Կուտական գյուղի համայքապետի խոսքով` Արեգային փնտրում է ողջ գյուղը, անգամ` դրոնով են տարածքը նայել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում 15–ամյա Արեգայի կորելու փաստը ամբողջ համայնքի համար հանելուկ է մնացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը (Կուտականը մտնում է խոշորացված Գեղամասար համայնքի կազմում)։

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին. վարորդը հոսպիտալացվել է

«Երեկ երեկոյան ժամը 7–ի կողմերը, երբ հանդից անասունները բերել են, աղջկա մայրը գոմ է տարել անասուններին։ Այդ ընթացքում է կորել երեխան։ Մայր ու աղջիկ կանգնած են եղել, մայրն աղջկան ասել է, թե 5 րոպե սպասի, մինչև գոմ մտցնի անասուններին, իսկ երբ դուրս է եկել, երեխան տարածքում չի եղել»,–ասաց նա։

Ավետյանի խոսքով` աղջիկը, բացի էպիլեպսիայից, նաև հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Ըստ նրա` երբեմն, երբ աղջկա մոտ առողջական վիճակը վատթարացել է, նա ծնողներին ասել է` տնից գնալու է, սակայն ծնողները շատ ուշադիր են և կանխել են դա։

Համայնքի ղեկավարն ասաց, որ Արեգան առողջական խնդիրների պատճառով դպրոց չի հաճախել` տանն է անհատական ուսուցում կազմակերպվել։ Աղջկա ընտանիքը դպրոցահասակ տղա էլ ունի։

«Ընտանիքի հայրը նույնպես էպիլեպսիա ունի, ու հիմա առողջությունը չի էլ ներում, որ որոնողական աշխատանքներին մասնակցի»,–ասաց նա։

Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն

Ավետյանը նշեց նաև, որ երեկվանից ողջ գյուղը փրկարարների ու ոստիկանների հետ որոնողական աշխատանքներ է տանում, անգամ Կուտականի վարչական ղեկավարն է միացել նրանց։ Նրա խոսքով` երեկ դրոնով էլ են տեղանքը նայել, սակայն աղջկան գտնել դեռ չի հաջողվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: