ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում` «Մարգարյան» ծննդատանը, այսօր ծննդկանի մահվան դեպք է գրանցվել:
Այս լուրը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում»,–գրել է Նիկողոսյանը:
Նրա տեղեկացմամբ` ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:
«Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար»,–գրել է մամուլի քարտուղարը:
Որևէ եզրակացության համար այս պահին սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկացմամբ` 24 ամյա կինը` Լ. Ավետիսյանը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է։ Սա նրա առաջին հղիությունն էր։ Կինը կեսարյան հատման եղանակով տղա է ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը անզգայացումից դուրս չի եկել և մահացել է: