Դատարանը քննարկում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը

ԱԱԾ քննիչը դատարանին միջնորդություն է ներկայացրել նախկին պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։ Դատական նիստը դռնփակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննարկվում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանավորելու հարցը։

Նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործը քննող ԱԱԾ քննիչը դատարանին միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։

ԱԱԾ–ն ՊԵԿ–ից Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել

Դատական նիստը դռնփակ է։ Նիստից առաջ դատարանի մոտ հավաքված լրագրողներին չի հաջողվել հանդիպել դատավարության մասնակիցներին։ Գագիկ Խաչատրյանը դատարան է բերվել ետնամուտքով։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

Գագիկ Խաչատրյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: ԱԱԾ–ն հայտարարեց, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել, ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին ման գալիս, չգտան». Խաչատրյանի պաշտպան

Խուզարկություններ են կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։

Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում: Կարեն Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալված է։