Գեղարքունիքում չարաշահումների դեպքերով հարուցված քրգործերով վերականգնվել է 37 մլն դրամ

Գեղարքունիքում չարաշահումների դեպքերի առթիվ 6 անձի մեղադրանք է առաջադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի  մարզպետարանի և  համայնքապետարանների աշխատակիցների կողմից  կատարված առերևույթ չարաշահումների քրգործով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37 մլն դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պետությանը պատճառված 110,5 մլրդ դրամի վնասից 30 մլն–ը վերադարձվել է բյուջե. նոր տվյալներ

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008 – 2018թթ կատարված առերևույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39 մլն դրամ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մեղադրանք է առաջադրվել Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տեսուչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը),  Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը), Արծվանիստ համայնքի ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), Սարուխանի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) և Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)  և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): 

50 միլիոն դոլարի խախտումներ. ո՞վ է «խաղում» գազի ճնշման վրա

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: