ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ո՞նց կարող է ՀՀ որևէ քաղաքացի անտարբեր լինել որևէ հանքի գործունեությամբ, պայմանավորված՝ թափոններով և այլ խնդիրներով։ Որևէ մեկն այս երկրի թշնամին չէ կամ այս երկրին կողքից չի դիտում, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ամուլսարը շահագործելու հարցին։
«Վարչապետը հարցրել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որը պետք է եզրակացություն տա՝ արդյոք «Էլարդի» փորձաքննությունը կամ որևէ այլ իրողություն հիմք են տալիս եզրակացության գալու, թե՞ կարիք կա նոր ՇՄԱԳ–ի»,–ասաց Միրզոյանը հավելելով, որ հիանալի է, որ այդ քննարկումը կա հայ հանրության մեջ կա, և ընդհանրապես լավ կլինի, որ բոլոր կարևոր հարցերում կարծիքների բախում լինի։ «Սա առաջին փորձերից մեկն է, երբ այսպիսի լուրջ հարցի շուրջ հայհոյանքներին զուգահեռ նաև փաստարկված կարծիքներ ենք լսում, որոնք հանգամանորեն պետք է քննվեն, և այս երկխոսությունը մշտապես պետք է լինի», –նշեց ԱԺ նախագահը։
Հարցին՝ արդյոք Ամուլսարի գործարկումը չի վտանգի իշխանության վարկանիշը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ դրանից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, թեև, իհարկե, այն խմբերը, որոնք ակտիվորեն պայքարում են, այսպես ասած, «Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու» սկզբունքից ելնելով, չեմ կարծում, որ այդ ակտիվ մարդկանց մեծ մասը, այնուամենայնիվ, «Իմ քայլին» են ձայն տվել։ Իհարկե, կարծում եմ, որ կարող են լինել որոշումներ, որից մեր իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել։ Որևէ իշխանություն արդյոք պե՞տք է մտածի և որոշի մի միայն վարկանիշից ելնելով, թե՞, այնուամենայնիվ, կարող են լինել իրավիճակներ, երբ որևէ որոշում պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն այդպիսի որոշման կայացումը։ Այստեղ պետք է պատասխանատվությունից խոսենք։ Պետք է ունենանք մասնագիտացված և լիազորված մարմնի պրոֆեսիոնալ կարծիքը»,–ասաց Միրզոյանը։
Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի 24-ամյա մասնակիցը ձերբակալվել է
Նրա խոսքով՝ ինքը փաստաթուղթը չի կարդացել, բայց վստահում է քննչականին, հակառակ դեպքում պետության կառավարումը կդառնար անհնար։
Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։
Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։
Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Նրանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր ձեռք չեն բերվել։
Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր է բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք էին սկսել։