ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik, Կարինե Հարությունյան. «Կինոյի մասին» օրենքի նախագծի 3 տարբերակ կա` Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի` «ԻՖԿԱ»-ի, «Ոսկե ծիրանի» և կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանի ներկայացրած նախագծերն են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Հունիսի 17–ին կինոյի մասին օրինագծի խորհրդարանական լսումներից հետո կինոգործիչներին ժամանակ տրվեց «Կինոյի մասին» օրենքի նախագծեր ներկայացնելու։ Արդյունքում մեզ ներկայացվեց 3 նախագիծ։ Այժմ այդ նախագծերի քննարկման փուլն է. դրանք պետք է ուղարկվեն հայկական կինոհամայնքի ներկայացուցիչներին»,–ասաց նա։
Նրա խոսքով` քննարկմանը կհաջորդի կինոգործիչների հետ փակ հանդիպումը, որպեսզի եթե նրանք ունեն քննադատություններ, առաջարկներ, ներկայացնեն։ Հետո արդեն ԱԺ–ն կփորձի համադրել երեք նախագծերը և մեկ օրինական նախագծի վերածել այն։
Հարցին, թե մինչև տարեվերջ պատրա՞ստ կլինի նախագիծը` Կոստանյանը պատասխանեց, որ ցանկալի կլիներ, սակայն որոշակի խոչընդոտներ կան` կինոգործիչների շրջանում տարաձայնությունների պատճառով։ Բացի այդ, այս պահին «Հեռուստառադիոընկերությունների մասին» օրենքն է ԱԺ ներկայացվել ու, պատգամավորի կարծիքով, դա շրջանառելն ավելի ակտուալ է, քան«Կինոյի մասին» օրենքը։
«Համենայն դեպս, ես ակտուալ եմ պահելու այդ թեման, մյուս կողմից էլ ներկայացված երեք նախագծերի կողմերն էլ շահագրգիռ են, որպեսզի օրենքը կյանքի կոչվի»,–ասաց նա։
Նշենք, որ այս պահին հրապարակվել է դեռևս մեկ նախագիծ`«Ոսկե ծիրանի» կողմից ներկայացվածը։ Նախագծի ստեղծման աշխատանքներում ներգրավված Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խումբը ստեղծվել է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի միջոցով և ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի ստեղծման վրա աշխատել են 8 ամիս։
Հարցին, թե ինչ է կարծում` հնարավո՞ր է մյուս նախագծերը համադրել և, ի վերջո, օրենք ունենալ` Մանուկյանը պատասխանեց, որ օրենքի ցանկացած նախագիծ էլ կարելի է համադրել մյուս նախագծերի հետ, եթե դրանք բխում են հայկական կինոյի զարգացման շահերից։
«Մեր ներկայացրած նախագիծը կարգավորում է ֆիլմարտադրության, պետության կողմից ֆինանսավորման հարցերը։ Այն գրվել է զրոյից և հեղափոխական տրամաբանություն ունի, օրինակ՝ նախատեսում է հարկային արտոնություններ, որոնք կնպաստեն կինոարտադրության զարգացմանը։ Բացի այդ, նախագծով փորձել ենք համատեղ ֆիլմարտադրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնել»,–ասաց նա։
Նկատենք, որ կինոարտադրության իրավական կարգավորման թեման վերջին շրջանում գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Շատ է խոսվում «Կինոյի մասին» օրենք ընդունելու անհրաժեշտության մասին: Այս թեմայի շուրջ կարծիքներ հայտնեցին ռեժիսորները, պրոդյուսերները և կինոքննադատները: Նրանք կարծում են, որ օրենքը հատկապես կարևոր է հարկերի հետ կապված խնդիրները կարգավորելու և ազգային կինոյի ոլորտը զարգացնելու հարցում: Բացի այդ, այն կօգնի միջազգային համագործակցություն հաստատելու հարցում, ինչպես նաև թույլ կտա արտասահմանյան կինոգործիչներին ստեղծել ֆիլմեր Հայաստանում:
Մշակույթի ոլորտում ավերմունքի աստիճանը չէի պատկերացնում. Նարինե Թուխիկյան
Նշենք, որ հրապարակված առաջին նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք, որ դեռ 2015թ.-ի մարտի 3-ին մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, սակայն մինչ օրս «Կինոյի մասին» օրենքը կյանքի չի կոչվել։