ՌԱԴԻՈ

«Տարեցտարի համահայկական խաղերի մասնակիցների թիվն ավելանում է». Հերմինե Դուզյան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Ֆրանսիայի ներկայացուցիչ, հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի և Հայաստանի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հերմինե Դուզյանը Sputnik Արմենիայի «Տետ- ա- տետ» հաղորդաշարի շրջանակում խոսել է Համահայկական ամառային 7 -րդ խաղերի կայացման, սփյուռքում հայապահպանության և հաջորդ խաղերի կազմակերպման մասին:
Sputnik

Տարեցտարի համահայկական խաղերն ընդլայնվում են՝ պատճառը միասնությունը, սպորտը, իրար հետ շփվելու հնարավորությունն ու ցանկությունը։ Այդ մասին Sputnik Արմենիայի  «Տետ-ա-տետ» հաղորդաշարի շրջանակում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Ֆրանսիայի ներկայացուցիչ, հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի և Հայաստանի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հերմինե Դուզյանը։

Համահայկական խաղերում ընտրել են ամենագեղեցիկ մասնակիցներին. ովքեր են նրանք

«Ավելի քան 26 տարի է, ինչ այս ծրագրերում եմ ներգրավված: Իմ մասնագիտության բերումով միշտ ղեկավարել եմ երիտասարդական ծրագրեր: Մենք տարիներ շարունակ այդ ծրագրերով փորձում ենք պահել Հայաստան-Սփյուռք կապը: Չորս տարին մեկ անգամ 12 երկրներից 15-18 տարեկան թվով 50 երիտասարդներ գալիս են Հայաստան «Բացահայտիր Հայաստանը» ծրագրով, որն այժմ էլ դեռ ընթացքի մեջ է՝ զուգահեռ համահայկական խաղերին», - ասաց Դուզյանը:

Նրա խոսքով` և՛ համահայկական խաղերը, և՛ մյուս ծրագրերը չափազանց պատասխանատու աշխատանք են ենթադրում, քանի որ հիմնականում երեխաների հետ են աշխատում: Ինչ վերաբերում է բուն համահայկական խաղերին, ապա, ըստ Դուզյանի, այս տարի համահայկական խաղերում Ֆրանսիայի պատվիրակությունն ամենամեծն էր, թե՛ մարզիկների թվով, թե՛ հյուրերի թվով:

«Ամեն անգամ համոզվում եմ, որ այդ թիվը գնալով ավելանում է: Պատճառը միասնությունն է, սպորտը, իրար հետ շփվելու հնարավորությունը: Բոլոր մարզիկները շատ մեծ բավականություն են ստացել այս խաղերից»: Լեզվապահպանությունը շատ մեծ է մեր շրջանի երիտասարդների շրջանում»,-նշեց նա:

Դուզյանի խոսքով` իրենց կողմից հիմնված կազմակերպություններն զբաղվում են հայերենի պահպանությամբ: Այդ ամենն իրականացվում է համայնքի միջոցներով: