ԱՄՆ-ում մահացել է միլիարդատեր Դևիդ Կոխը

Կոխը 79 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։ 2018 թվականի հուլիսին նա թողեց ընտանեկան ընկերությունում ղեկավար պաշտոնը առողջական խնդիրների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ–ում մահացել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը` միլիարդատեր Դևիդ Կոխը։ Այս մասին հայտնում է Forbes–ը` հղում անելով Կոխի ընտանիքի ներկայացուցիչներին։

Կոխը կյանքից հեռացավ 79 տարեկանում, մահվան պատճառը չի նշվում։

Կոխը` Koch Industries–ի նախկին փոխնախագահն է, ինչպես նաև ԱՄՆ Հանրապետական կուսակցության հովանավորը։ 2018 թվականի հուլիսին նա հեռացավ պաշտոնից վատառողջ լինելու պատճառով։

Forbes. Բիլ Գեյթսը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է

Ընտանիքի հաղորդագրության մեջ խոսվում է Կոխի «անվերջ էրուդիցիայի» մասին, որի պատճառով հարազատները նրան «քայլող գուգլ» են անվանել, ինչպես նաև նրա անհագուրդ հետաքրքրասիրության և վարակիչ ծիծաղի մասին։

Հարազատները պատմում են, որ մանկական արկածների մասին նրա պատմություններն աշխուժացնում էին ընտանեկան ճաշկերույթները։ Ընտանիքը հիշեցրել է նաև Կոխի առատաձեռն լինելու մասին։ Նա աջակցում էր արվեստին, կրթական ծրագրերին և քաղցկեղին վերաբերող ուսումնասիրություններին։

Միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնն ինքնասպանություն է գործել բանտում

2019 թվականի Forbes–ի միլիարդատերերի վարկանշային աղյուսակում Կոխը զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը եղբոր` Չարլզի հետ միասին։ Նրանց էր պատկանում իրենց հոր հիմնադրած Koch Industries ընկերության մասնաբաժինները։ Ընկերությունը զբաղվում է նավթի վերամշակմամբ, պարարտանյութերի և ամենօրյա օգտագործման ապրանքների արտադրությամբ։

1980 թվականին Դևիդ Կոխը ԱՄՆ փոխնախագահի թեկնածու էր Լիբերտարիանական կուսակցությունից։