Գեղհովիտի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց

Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր հաստատված 8 դեպք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը և հավելում, որ  Գեղհովիտ համայնքում կանխարգելման աշխատանքները շարունակվում են:

Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

Կենցաղային իրերը, միսն այրել են. խիստ հսկողություն` սիբիրյան խոց հայտնաբերած Գեղհովիտում

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։

Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:

ՍԱՏՄ–ն էլ տեղեկացնում է, որ Գեղահովիտում, որտեղ սիբիրյան խոցի դեպքեր էին հայտնաբերվել, համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են:

Գեղհովիտում սիբիրյան խոցով հիվանդ կենդանին մորթվել ու 25 ընտանիքի է բաժանվել. մանրամասներ

Նշենք, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից: Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնել էր, որ Գեղհովիտում սիբիրյան խոցով հիվանդ կով են մորթել ու մոտ 25 ընտանիքի է բաժանվել։ Ավելին, բնակիչները մոտավոր 20-30 կգ միս արդեն հասցրել են օգտագործել։