ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի դեռ ապահովված չի նրա՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Այս մասին պարզաբանում է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։
Պարզաբանման մեջ Քոչարյանի պաշտպանները մանրամասն ներկայացնում են քրեական գործի ընթացքը։ Նրանք հիշեցնում են, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում էր կայացրել կրկին կալանավորել Քոչարյանին, նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գործը նոր դատավորի դեռ չի մակագրվել, քանի որ Առաջին ատյանի դատարանը պաշտպաններին հայտնել է, որ Վերաքննիչն այն իրեն չի փոխանցել։
Քոչարյանի գործի քննությունը կարող է հետաձգվել ևս 3 ամսով. ԲԴԽ–ն պարզաբանում է տարածել
«Միջազգային և ՀՀ սահմանադրական իրավունքում գործող ազատության կանխավարկածից բխում է, որ մինչև տեխնիկական խնդիրների կարգավորումը, Քոչարյանը պետք է գտնվի ազատության մեջ, այլ ոչ կալանավայրում։ Ուստի, գործող իրավապահ համակարգը Քոչարյանի ազատության իրավունքի հետագա խախտումները բացառելու համար պետք է անհապաղ ազատ արձակի Քոչարյանին՝ մինչև տեխնիկական բոլոր խնդիրների լուծումն ու գործի բնականոն ընթացքի վերականգնումը»,– նշում են պաշտպանները:
Նրանք հայտնում են նաև, որ առկա պարզաբանումների միջև ներքին հակասություններ կան, և անհամապատասխանություն` ՀՀ օրենսդրության և նախկին դատական պրակտիկայի շուրջ։ Պաշտպանների գնահատմամբ` անկախ խնդիրներից, առկա իրավիճակը Քոչարյանի անձնական ազատության և արդյունավետ դատական պատշպանության իրավունքների կոպտագույն խախտումներ է պարունակում։
Պաշտպաններն անդրադարձել են նաև Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հայտարարությանը, որ Առաջին ատյանի դատարանը գրությամբ դիմել է Վճռաբեկին, քանի որ հենց Վճռաբեկի մոտ է գործը, որպեսզի գործը կամ դրա հավելվածն ուղարկի իրեն։ Փոլադյանը նշել էր, որ գործը պետք է նոր դատավորի մակագրվի, որպեսզի բոլոր մտահոգությունները փարատվեն։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ
«Գործի մակագրումը նոր դատավորի պետք է իրականացվի ոչ թե «բոլորի մտահոգությունների վերացման» համար, այլ որովհետև առկա է հստակ օրենսդրական պահանջ, որի չկատարումը խախտում է դատավարության մասնակիցների, հատկապես՝ շարունակական և առանց ժամկետային սահմանափակման կալանքի տակ գտնվող Քոչարյանի իրավունքները»,–հայտնում են պաշտպանները:
Հիշեցնենք, որ Փոլադյանը հայտնել էր, որ առաջիկա օրերին Քոչարյանի գործը կփոխանցվի Վերաքննիչ քրեական դատարանին։
Նշենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նրա դեմ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակում նրա աշխատասենյակը խուզարկել են, ապա կնքել։
Հուլիսի 26–ին Քոչարյանի փաստաբանական թիմը Վճռաբեկ բողոք է ներկայացրել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու որոշման բեկանման դեմ։ Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։