Ինչով են նման «Վերջին զանգն» ու 10 տարի կալանավայրում անցկացրած մարդու ազատումը

Ի՞նչ անել, որպեսզի երեխայի համար դպրոցական տարիները սթրես չդառնան, որպեսզի դպրոցը նրանց մեջ սերմանի սեր, այլ ոչ թե ատելություն կրթության հանդեպ:
Sputnik

Մինչև 2023 թվականը հանրակրթական դպրոցները պիտի նոր առարկայացանկ ունենան։ Բայց արդյո՞ք այս անգամ, դպրոցական նոր ծրագիրը կազմելիս, հաշվի են առնվելու 21-րդ դարի երեխայի կարիքներն ու նաև հնարավորությունները, օրինակ` այն, թե որ տարիքում երեխայի ուղեղն ինչ ծավալի և ինչպիսի ինֆորմացիա է ի վիճակի ընկալելու:

Տանուլ տված դասը, կամ աշակերտները հասկացան իրենց սխալը փոքրիկ Գոհարիկի մահից հետո միայն

Վերջերս հնդիկ ժամանակակից փիլիսոփա, հոգևոր հռետոր Սադհ Գուրուի զրույցն էի լսում դպրոցական կրթության մասին: Մի կարևոր միտք ասաց. «Ինչո՞ւ ենք մենք երեխաներին ստիպում անգիր հիշել այն ամենը, ինչը նրանց հեռախոսի մեջ կա։ Ինչու՞ մենք նրանց չենք սովորեցնում այն, ինչը հնարավոր չէ այնտեղ գտնել»: Խոսքն այն տարրական գիտելիքների մասին չէ, որ ասենք` Հայաստանում քրիստոնեությունը 301թ.-ին պետական կրոն է հռչակվել, կամ որ Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է և այլն։ Խոսքն այն ամբողջ ավելորդ ինֆորմացիայի մասին է, որը ոչ թե լցվում, այլ որը խցկվում է դպրոցականների գլխի մեջ։ Ծնողներից շատերը բողոքում են, որ երեխաները դպրոցում չափազանց ծանրաբեռնված են, երեխաները բողոքում են, որ առարկաների մեծ մասն իրենց պետք էլ չէ։

Իմ դպրոցական տարիներն ինձ համար, օրինակ, սթրեսային էին։ Ես դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ։ Բայց այսօր փորձեք ինձ հարցեր տալ գծագրությունից, երկրաչափությունից, քիմիական խնդիրներ հանձնարարեք, որ լուծեմ, ու դուք ականատես կլինեք, թե ինչպես են աչքերս կլորանում, իսկ ուղեղս «կախում»։ Իմ դպրոցական 10 տարիներն ինձ համար սթրեսային էին, որովհետև ես ստիպված, ինձ «տանջալլուկ» անելով սովորում էի առարկաներ, որոնք ոչ միայն ինձ կյանքում պետք չէին գալու, այլև որոնք հասկանալն ինձանից անչափելի էներգիա էր խլում:

Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից

Եվ հավատացնում եմ ձեզ, որ արտասահմանյան հեռուստաալիքների պատրաստած գիտահանրամատչելի մի քանի ֆիլմ դիտելով՝ ես շատ ավելի ինֆորմացիա եմ ստացել և մտապահել ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի մասին, քան դպրոցական դասերից։ Ընդ որում, ինֆորմացիան ստանալու ընթացքն ինձ համար հաճելի է եղել, այլ ոչ թե «մտրակի հարված»։

Համակարգը թափանցիկ է, և ծնողն այլևս դպրոցի տնօրենից չի լսի ավանդական «տեղ չկան». Պողոսյան

Թե ինչպիսի դպրոցական առարկայական ծրագիր է հաստատվելու մինչև 2023 թվականը, չգիտեմ, ոչ ոք դեռ չգիտի, որովհետև դրա համար համապատասխան մասնագետների հանձնախմբեր պիտի ձևավորվեն, որոնք էլ պիտի կազմեն այդ նոր ծրագիրը։ Բայց արդյոք ծրագիրը կազմելիս այս անգամ հաշվի առնվելու է այն, թե, օրինակ, 9 տարեկանում կամ 14 տարեկանում երեխայի ուղեղն ինչ ծավալի ինֆորմացիա է ի վիճակի ընկալելու, և երկրորդ հարցը՝ արդյոք այս կամ այն ինֆորմացիան անհրաժեշտ է նրան այսօր՝ ներկայում՝ 21-րդ դարում, երբ անգամ առաջին դասարանի երեխան գնում է սմաթֆոնը ձեռքին՝ համացանցի հասանելիությամբ։ Ես իսկապես հույս ունեմ, որ այն ծրագիրը, որը պատրաստ կլինի 2023 թվականին, մշակված կլինի՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի կարիքներն ու հնարավորությունները։

Ես հույս ունեմ, որ իմ երեխայի համար դպրոցական տարիներն այնպիսի սթրես չեն լինի, ինչպիսին ինձ համար էին, և նա էլ ինձ նման «Վերջին զանգի» օրը չի ունենա այն զգացողությունը, որ 10 տարի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո ազատություն է ստանում։ Ես երազում եմ, որ իմ  երեխան դպրոց հաճախի հաճույքով, որ դպրոցն ու ուսուցիչները նրա մեջ սերմանեն սեր, այլ ոչ թե հակակրանք կրթության հանդեպ, ես կնախընտրեմ, որ «պատահույթի հավանականությունը» կամ «լուծված նյութի զանգվածային բաժինն» իմանալուց առաջ կամ դրա փոխարեն նա սովորի, որ, օրինակ, բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ դպրոցում գերազանցիկ կամ ծույլիկ լինելուց, հարուստ կամ աղքատ ընտանիքում ապրելուց, նորաձև կամ հնաոճ կոշիկ կրելուց։

Հայ դպրոցականները 2 արծաթ և 3 բրոնզ են նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում

Երազում եմ, որ իմ երեխան դպրոցն ավարտելուց հետո պարզապես լավ մարդ դառնա ու պարտադիր չէ, որ բարձրագույն կրթություն ունենա, կարող է դառնալ հրաշալի պատշար, քարտաշ, ոսկերիչ. (ի դեպ, օրինակ Գերմանիայում բարձր դասարաններում աշակերտները պարտադիր պրակտիկա են անցնում, օրինակ, ծերանոցում, որևէ արհեստանոցում, խանութում՝ տարբեր մասնագիտությունների ծանոթանալու և կյանքում կողմնորոշվելու համար)։ Եվ դա էլ է կրթություն, ու նաև այդ սերն ու ձգտումն է, որ երեխայի մեջ պետք է հենց դպրոցում սերմանել։