Ղրղզստանի նախկին նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ

Նախկին նախագահի նկատմամբ քրեական գործը հետաքննում է ՆԳՆ և Զինվորական դատախազությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Բիշքեկի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին. նա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում է։ Կալանքի ժամկետը մինչև օգոստոսի 26-ն է, հայտնում է Sputnik Ղրղզստանը։

Բիշքեկի քաղաքային դատարանի արտագնա նիստը անցկացվում էր Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում։ Փաստաբանը առաջարկում էր ազատ արձակել Աթամբաևին։

ԵԱՏՄ–ն կարելի է լիարժեք օգտագործել. Ղրղըզստանի նախագահը ընդունել է ՀՀ վարչապետին

«Արտագնա նիստն անցկացվում էր փակ ռեժիմով, թեև գործի նշանակման մասին որոշման մեջ ասվում է, որ այն բաց է։ Սա ուղղակիորեն հակասում է օրենքին։ Այսինքն` դատավորներն իրենք իրենց համար որոշել են, որ պետք է բաց նիստ անցկացնել, սակայն այն փակ է եղել։ Խափանման միջոցը չի փոխվել։ Դատարանն արդեն խախտել է բազմաթիվ օրենսդրական ակտեր, այդ թվում Քրեական դատավարության օրենսգիրքն ու Սահմանադրությունը», – ասել է փաստաբանը։

Աթամբաևը մեղադրվում է 14 քրեական գործերով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսեցին նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու գործողությունները Քոյ–Թաշ գյուղի նրա նստավայրում, որը գտնվում է մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Նրանք նախկին առաջնորդի համախոհների դեմ հատուկ միջոցներ կիրառեցին։ Աթամբաևի համախոհները պատասխան կրակ բացեցին։ Նախկին նախագահի համախոհների և հատուկջոկատայինների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 80–ի։ Հատուկջոկատայիններից մեկը զոհվել է։

Ղրղզստանում նախկին նախագահի տան վրա գրոհած հատուկջոկատայիններից մեկը մահացել է

Օգոստոսի 8-ին իրավապահները երկրորդ գրոհն իրականացրին, արդյունքում քաղաքական գործիչը հանձնվեց։ Ավելի ուշ Աթամբաևի համախոհներին սկսեցին ուժով ցրել։ Վերջին տվյալների համաձայն` բախումների երկու օրերի ընթացքում 136 մարդ է տուժել։ Աթամբաևի մի քանի համախոհներ կալանավորված են։