ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի Կոբի–Գուդաուրի ավտոճանապարհի արդիականացման աշխատանքների ավարտից հետո հայ փողադրողները կարող են արդեն չմտածել Ռուսաստանի հետ հաղորդակցության այլընտրանքային ուղիներ փնտրելու մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Սաթի» ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը։
Խոսքը Կոբի–Քվեշեթ («Վերին Լարս» անցակետ տանող) ճանապարհի կառուցման նախագծի մասին է, որի շրջանակում կվերակառուցվի Կոբի–Գուդաուրի ճանապարհահատվածը։ Ձմռանն այս ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է առատ ձյան տեղումների պատճառով։
Նախագծի համաձայն` Վրաստանի իշխանությունը մտադիր է կառուցել 22,7 կիլոմետրանոց ճանապարհ, վեց կամուրջ ու հինգ թունել, որոնց թվում է Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելը։ Սա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական շինություններից մեկը։
Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ շինարարության մասին նախագիծը վերջնական կստորագրվի առաջիկա օրերի ընթացքում։ Ռուս–վրացական սահման տանող նոր արագընթաց մայրուղու կառուցումը կսկսվի մինչև 2019 թվականի վերջին։
«Դա թույլ կտա հայաստանցի փոխադրողներին ազատվել բազմաթիվ խցանումներից, որոնք առաջանում են Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհահատվածին», – ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով` շինարարության ավարտից հետո կլոր տարին ճանապարհը բաց կլինի դեպի Ռուսաստան իրականացվող բեռնափոխադրումների համար։ Եվ այդ ժամանակ հայ փոխադրողները գլուխ չեն կոտրի «Վերին Լարսին» այլընտրանք գտնելու հարցում։
Մելիքյան. «Լարսի անցակետի այլընտրանքի մասին հայտարարությունները բարդացրել են գործընթացը»
Միևնույն ժամանակ, Առաքելյանի կանխատեսումներով, նախագծի իրականացումը կավարտվի լավագույն դեպքում 3-4 տարի հետո։
Ոչ արդիական թունել
Ինչպես նշեց ընկերության տնօրենը, ձմռանն ու ամռանը բեռնափոխադրողների մոտ խնդիրներ են առաջանում. ճանապարհը փակելու և անցակետում գոյացած հերթերի պատճառով ընկերությունները մեծ ֆինանսական կորուստներ են ունենում։
Օրինակ` Խաչի լեռնանցքում ձմռանն ավտոմոբիլային երթևեկությունը ժամանակ առ ժամանակ փակվում է ձնահոսքի և եղանակային պայմանների պատճառով։ Նախագծի ավարտից հետո խնդիրն ամբողջությամբ կլուծվի։
Միևնույն ժամանակ, Առաքելյանի կարծիքով, ճանապարհը ճանապարհ, սակայն պետք չէ մոռանալ նաև «Վերին Լարս» անցակետի թողունակության մասին։ Անցակետում մեծ կուտակումներ են լինում հատկապես ամռանը, զբոսաշրջային սեզոնին։
«Մեծ նշանակություն ունի անցակետի թողունակության մեծացումը», - կարծում է ընկերության տնօրենը։
Ի դեպ, այդ հարցը 2020 թվականին Ռուսաստանը մտադիր է լուծել` վերակառուցելով «Վերին Լարս» անցակետը։ Դա թույլ կտա թողունակությունը հասցնել օրական մինչև 3800 տրանսպորտային միջոցի։ Ի սկզբանե, անցակետի կառուցման ժամանակ ենթադրվում էր, որ այնտեղով օրական պետք է անցնեն 170 բեռնատար, 300 մարդատար ու 30 ավտոբուս։ Մինչդեռ 2019 թվականին «Վերին Լարսով» օրական միջինն անցնում է 650 բեռնատար ու 1700 մարդատար մեքենա։ Ամենածանրաբեռնված շրջանում (մայիսի վերջից սեպտեմբեր) այդ ցուցանիշները կտրուկ աճում են։
Այլընտրանք պե՞տք է
Եվ ամեն դեպքում, Առաքելյանի կարծիքով, Հայաստանը պետք է այլընտրանքային ճանապարհ գտնի բեռնափոխադրումների համար ֆորս–մաժորային իրավիճակների դեպքում։
Փորձագետներից ոմանք առավել ձեռնտու այլընտրանքային երթուղի են անվանում Հարավային Օսեթիայի տարածքով անցնող Նար(Հյուսիսային Օսեթիա)–Գորին։ Այն 80 կիլոմետրով ավելի երկար է, քան դեպի Լարս տանող ճանապարհը, սակայն օսեթական երթուղին ավելի գերադասելի է լավ կլիմայական պայմանների և ռելիեֆի, բայց անհասանելի է քաղաքական պատճառով։
Մյուսներն առաջարկում են շարունակել երթուղին Իրանի միջով։ Տարբերակներից մեկի համաձայն` հայկական ապրանքները կարող են Երևանից տարվել Ջուղա (Իրանի հյուսիս–արևմուտքում – խմբ.), այնտեղից` Թուրքմենստան, Ղազախստան կամ ռուսական քաղաքներ` Օրենբուրգ կամ Օմսկ։ Կա նաև այլ տարբերակ` Երևանից գնում են իրակական Էնզելի, իսկ այնտեղից` լաստանավով Ռուսաստանի մարզի Օլյա Աստրախանովի ծովային նավահանգիստ։ Սակայն դրանք էլ հեշտ չէ գործարկելը։
Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները փոխադրողներին ֆորս–մաժորային դեպքերում առաջարկում են փոխադրումների մուլտիմոդալ տարբերակը. Երևանից Փոթի երկաթուղով կամ ավտոմեքենայի ճանապարհով, այնտեղից Նովոռոսիյսկի նավահանգիստ լաստանավով, այնուհետև Ռուսաստանի այլ քաղաքներ։