Ինչու Վարդան Սիրմաքեշը հրաժարվեց Գյումրիում ներդրում անել. քաղաքապետարանի անդրադարձը

«ֆրանկ Մյուլլերի» ղեկավարը Գյումրու քաղաքապետարանից երկու շենք է պահանջել, բայց տվել են մեկը միյան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Գյումրու քաղաքապետարանն իրեն չպատկանող կառույցը չէր կարող նվիրել «ֆրանկ Մյուլլերին»: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

«Բոլոր հարցերը լուծվող են». շվեյցարացի միլիոնատերը Հայաստանում կարտադրի իր ուզած ոսկին

«ֆրանկ Մյուլլերի» ղեկավար Վարդան Սիրմաքեշը օրեր  առաջ  լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ինքը Գյումրու քաղաքապետարանից 2 կառույց է պահանջել  ներդրումային ծրագիրն իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը տրամադրել էր միայն մեկը, ինչն էլ «ստիպել» է ներդրողին ծրագիր չիրականացնել:

Նշենք, որ  խոսքը վերաբերում է  Գյումրու «Բուլվարային»  թաղամասի երկու  հանդիպակաց կառույցներին և հարակից տարածքին: 

Sasstex-ում խնդիրներ չկան, եթե կարծում են կան` թող դիմեն դատարան. Վարդան Սիրմաքեշ

«Նշված շենքերից մեկը համայնքապատկան էր, որը ավագանու որոշմամբ հատկացվել էր «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, իսկ մյուս շենքը՝ պետական սեփականություն, որի տրամադրելու իրավասություն համայնքապետարանը չունի: Պետական սեփականությունը համայնքը տրամադրել չի կարող: Ըստ ծրագրի, այնտեղ լինելու էր արհեստների կենտրոն»,-ի պատասխան Սիրմաքեշի հայտարարության՝ Sputnik Արմենիային ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

Նշենք, որ մեկ տարի առաջ Գյումրու ավագանին  Գյումրու Գործարանային 2/4 հասցեի՝ նախկին ռադիոգործարանի շենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր «ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ այդ հատվածում ներդրումային ծրագիր իրականացնելու  ու արհեստագործական կենտրոն ստեղծելու համար:

Սակայն այս տարի նույն ավագանին որոշեց այդ շենքը հանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այն պատճառաբանությամբ, որ մեկ տարվա ընթացքում շենքի վրա  որևէ  հիմնանորոգման աշխատանք չի իրականացվել:

Հիմնադրամն այդ շենքում 50 բնակարան կկառուցի, ևս 50 բնակարան էլ նախատեսվում է կառուցել արդեն Գործարանային փողոց N 2/6 հասցեում: