Նավասարդի գաղտնիքը. ինչու էին հայերն Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

Sputnik Արմենիան «Կորուսյալ գիտելիքներ» խորագրով հոդվածաշար է պատրաստել, որի շրջանակում ներկայացնում է առեղծվածային երևույթների գիտական մեկնաբանություններ, հնագույն գտածոների և ճարտարապետական հուշարձանների պատմություններ, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ: Առաջին հոդվածն այն մասին է, թե ինչու են հայերը Նոր տարին նշել օգոստոսին:
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Ժամանակը ճիշտ հաշվարկելու կարողությունը քաղաքակրթության գաղտնիքների և առեղծվածների բացահայտման բանալին է: Պատմական և ճարտարապետական մի շարք հուշարձանները, ինչպես նաև մեզ հասած գրավոր վկայությունները ապացուցում են, որ հազարավոր տարիներ առաջ հայկական հողում ապրող մարդիկ ոչ միայն տիրապետում էին ժամանակի մասին գիտությանը, այլև կարողանում էին կիրառել իրենց գիտելիքները…

Հայտնի է, որ Նավասարդը կամ հայկական Ամանորը մարդիկ նշում էին օգոստոսի 11-ին: Սակայն ինչո՞ւ հենց այդ օրը: Ի՞նչ գաղտնիք է պարունակում այդ ամսաթիվը: Ինչո՞վ էր այդ օրը տարբերվում տարվա մյուս օրերից:

Աստղաբան–էզոթերիկ. 2017 թվականին կենդանակերպի երեք նշան կգերիշխի

Այս հարցերի պատասխանները ստանալու համար միայն google-ի որոնումներով սահմանափակվել հնարավոր չէ: Իհարկե, համացանցում որոշակի պատասխաններ կարելի է գտնել: Օրինակ՝ այն, որ հին հայկական օրացույցով տարին ուներ 13 ամիս. 12 ամիս՝ 30 օրով, և ևս մեկ ամիս, որը բաղկ.ացած էր միայն հինգ օրից: Այն տևում էր օգոստոսի 6-ից 10-ը և կոչվում էր «Հավելյաց: Իսկ օգոստոսի 11-ից սկսվում էր Նավասարդը, այդպես էր կոչվում նաև տարվա առաջին ամիսը:

Sputnik Արմենիային այդ օրվա մասին ավելի մանրամասն տեղեկություն տրամադրեց անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը: Նրա խոսքով` Օրիոնի համաստեղությունը դուրս է գալիս տեսանելիության գոտուց օգոստոսի սկզբին և հենց ամսի 11-ին առավոտյան ժամը 4-ին այդ գործընթացը հասնում է կուլմինացիային, երբ Օրիոնի գոտու վերևի աստղը (Մինտակա-Կշիռք) հասնում է երկնային հասարակածին: Օրիոնի համաստեղությունն այս կուլմինացիային է հասնում 25920 տարին մեկ անգամ և խորհրդանշում է նոր տիեզերական տարվա սկիզբն ու հնի ավարտը: Հենց այդ կետի շնորհիվ երկնային հասարակածի վրա հնում գիտնականներն աստղաբաշխական ճշգրտությամբ հաշվարկում էին ժամանակը և կազմում օրացույցը:

Հայաստանում Օրիոնն անվանում են Հայկի համաստեղություն: Հին հայկական օրացույցի համաձայն՝ հայկական տարեգրությունը սկսվում է մ.թ.ա. 2492 թվականին, երբ հայ ժողովրդի նախահայր Հայկ Նահապետը եռաթև նետով սպանում է բռնակալ Բելին, որը ներկայացնում է Ցլի համաստեղությունը:

Նավասարդի գաղտնիքը. ինչու էին հայերն Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

Հայերենում Օրիոնի գոտին ունի միայն իրեն հատուկ՝ «Հայկի շամփրուք» կամ «շամփրուք — կշիռք» անվանումը, որը նշանակում է «հավասարակշռության առանցք»:

Պատմության մեջ պահպանվել է մի գեղեցիկ ավանդույթ, որի համաձայն՝ օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ժողովուրդն արքայի գլխավորությամբ հավաքվում էր Նպատ լեռան ստորոտին՝ Արածանի գետի ափին, և սպասում աստղի երևալուն: Տոնակատարությունը շարունակվում էր մի քանի օր և ավարտվում համընդհանուր տոնակատարությամբ:

Նավասարդի գաղտնիքը. ինչու էին հայերն Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

Նավասարդը տոնում էին Հայկի տարած հաղթանակի պատվին, այդ պատճառով այն նշում էին մ.թ.ա. 2492 թվականից մինչև XVIII դարի սկիզբ, երբ կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով Նոր տարվա սկիզբ պաշտոնապես համարվեց հունվարի 1-ը:

Ի դեպ, 2007 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանում հին հայկական տոմարով նշեցին 4500 թվականը:

Նավասարդ` աստղային վերբեռնում

Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում հին հայկական օրացույցը դուրս եկավ կիրառումից և հետզհետե մոռացվեց: Միջին դարերում Մեծ հայկական օրացույցը, որից օգտվում էին այն ժամանակ, շարժական էր, ինչը շփոթմունք էր առաջացնում տոն օրերի սահմանման հարցում:

«Այս առիթով 1082 թվականին Հովհաննես Իմաստասերին խնդրեցին կարգավորել տոն օրերը և հայկական օրացույցն անշարժ դարձնել: Եվ այդ ժամանակ Իմաստասերը շրջանցեց բոլոր մյուս ամսաթվերն ու Ամանորը սահմանեց օգոստոսի 11-ին», — պատմում է Գևորգյանը:

Այն ժամանակ բոլորի համար գաղտնիք էր, թե ինչու էր ընտրված հենց օգոստոսի 11-ը: Իմաստասերի՝ Մատենադարանում պահվող մի շարք ձեռագրերի ուսումնասիրությունից հետո գիտնականները եկան այն եզրակացության, որ նա հիմնվել է հին հայերի գիտելիքների վրա, որոնց համաձայն՝ այդ ժամանակ երկնքում որոշակի նշան էր հայտնվում: Այդպիսով, օգոստոսի 11-ը նշանակալի օր էր ժամանակի սկիզբը մատնանշելու համար:

Այս պնդմանը համակարծիք էին նաև հնագույն քաղաքակրթության մի շարք ուսումնասիրողներ, այդ թվում Գրեմ Հենքոկը, «Բուրգերի գաղտնիքները (Օրիոնի առեղծվածը)» գրքի հեղինակ Ռոբերտ Բյուվելը, «Գուշակների գաղտնիքը» գրքի հեղինակ Էդրիան Ժիլբերտը…

Ի դեպ, Օրիոնի գաղտնիքը բացահայտելու համար Գրեմ Հենքոկը Վազգեն Գևորգյանի հրավերով երկու անգամ այցելել է Հայաստան` 2014 և 2015 թվականներին: Այդ արշավների արդյունքները նույնպես տեղ կգտնեն «Կորուսյալ գիտելիքներ» շարքում:

Աստղագետ. Բյուրականում կա այն, ինչ չկա աշխարհի ոչ մի անկյունում

Իսկ ի՞նչ կարող ենք մենք վերցնել գրաբարից այս թեման բացահայտելու համար:

«Աստղի «աս» արմատը նշանակում է ճշմարիտ, չխեղաթյուրված տեղեկություն պարունակող, այսինքն ճշմարտություն, իսկ «տաղ»՝ վերևից եկող տատանման հաճախականություն: Այդպիսով, աստղ բառի իսկական գաղափարական նշանակությունն է վերևից եկող ճշմարտությունը», — ընդգծեց Գևորգյանը:

Ահա մենք մոտեցանք հիմնական հարցին՝ ինչո՞ւ ենք մենք անդադար վերադառնում օգոստոսի 11-ին, այն դեպքում, երբ մեր կյանքում իր դիրքերն ամուր հաստատել է հունվարի 1-ը:

Պատասխանը «Նավասարդ» բառի մեջ է, որը մեկնաբանվում է այսպես՝ «նոր ասի ժամանակաշրջան»:

Ի՞նչ է դա նշանակում: Այն, որ երբ Օրիոնի գոտին հասնում է երկնային հասարակածին, վերականգնվում է ոչ միայն տարեկան ցիկլը, այլև Երկրի էներգատեղեկատվական դաշտը: Դա մեծ ազդեցություն է թողնում բնության վրա և, առաջին հերթին, ջրի՝ փոխելով նրա հատկությունները: Մոլորակի ջրային համակարգը կարծես թարմանում է այդ օրերին, յուրովի վերբեռնում է տեղի ունենում (այդ երևույթները գիտնականները բազմիցս արձանագրել են տարբեր սարքավորումների միջոցով):

Այսպիսով օգոստոսի 11-ը պատահական ամսաթիվ չէ, այն տիեզերական-մոլորակային մասշտաբի գործընթացների սկիզբն է:

Գիտնականները համոզված են՝ սա միստիցիզմ չէ: Հակառակը` սա գիտություն է, որի ուսումնասիրությունը հանրությանը միայն օգուտ կբերի: Հետաքրքիր է, որ այդ տեղեկությունը գաղտնի չի եղել մեր նախնիների համար, ավելին՝ նրանք այդ մասին պատմել են մյուս ժողովուրդներին:

Русская версия