ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Քաղաքացու ավտոմեքենայի խուզարկության ընթացքում ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ։
Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, Բագրատաշենի անցակետում զննության է ենթարկվել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:
Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: