ՌԱԴԻՈ

Բադալյան. «Վարչապետի խոսքերը հիշվելու են մեկ շաբաթ, այլ ոչ թե 31 տարի»

Փաշինյանն անուղղակիորեն հասկացրեց, որ աշնանը պետք չէ հաշվետվություն պահանջել, որովհետև բոլոր պետական ինստիտուտները չեն գործել, հետևաբար, ինքը չի կարող ապահովել այն խոստումները, որոնք տվել էր նախապես:
Sputnik

 

Բադալյան. «Վարչապետի խոսքերը հիշվելու են մեկ շաբաթ, այլ ոչ թե 31 տարի»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին ելույթին ու մասնավորապես նշել, որ Փաշինյանը մեկուկես տարի է, ինչ վարչապետ է, և աշնանը նրանից կատարված աշխատանքների հաշվետվություն են պահանջելու:

Փաշինյանը ողջունում է Սևանից ու հրավիրում Արցախ. տեսանյութ

 

«Վարչապետը նշում էր, որ ունի կախարդական փայտիկ և շատ կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների կհասնի, եթե լինի իշխանափոխություն: Փաշինյանը նշում էր նաև, որ լինելու են ներդրումներ, բայց այսօր տեսնում ենք, որ այդ ծավալի ներդրումներ չկան: Նշում էր, որ մեկ տարի անց բյուջեն կավելանա 800 հազարից 1 միլիոն դոլարով, ինչը նույնպես տեղի չունեցավ: Բազմաթիվ այլ խոստումներ նույնպես չիրականացան»,-փաստում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ միաժամանակ երկրորդ նախագահը հարցազրույց տվեց և հայտնեց, որ աշնանն ակնկալվում են ակտիվ գործողություններ: Ահա այդ համատեքստում վարչապետը փորձեց իր PR քայլով չեզոքացնել հաշվետվություն տալու՝ պահանջված գործընթացը:

«Մասնավորևապես, նա իբր մի գաղտնի փաստաթուղթ «հայտնաբերեց», չնայած, եթե նման փաստաթուղթ լիներ՝ վաղուց պետք է հրապարակած լիներ: Դա ինչ-որ պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ չէր: Վարչապետը վկայակոչելով այդ փաստատթուղթը՝ նշեց, որ վերջին 30 տարիներին երկրում ոչինչ չի եղել, և ինքը 0-ից է սկսում ու վերցրեց մի ժամանակահատված, թե ինչ պետք է անի մինչև 2050 թվականը: Փաստորեն, Փաշինյանն անուղղակիորեն հասկացրեց, որ աշնանը պետք չէ հաշվետվություն պահանջել, որովհետև բոլոր պետական ինստիտուտները չեն գործել, հետևաբար, ինքը չի կարող ապահովել այն խոստումները, որոնք տվել էր նախապես»,-նշում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ 31 տարի անց դժվար կլինի վերհիշել, թե Փաշինյանը 2019 թվականի օգոստոսին ինչ խոստումներ էր տվել: Հետևաբար, վարչապետի խոսքերը հիշվելու են մեկ շաբաթ, ոչ թե 31 տարի:

«Այդ պատռճառով էլ Փաշինյանը նոր ժամանակահատված նախանշեց, որից հետո կներկայացնի հաշվետվություն: Վարչապետը պարզապես ավելի ճոխ խոստումներ է տվել, քան ՀՀ երրորդ նախագահը: Համահայկական խաղերի բացումը Ստեփանակերտում էր, և դա բավական լավ առիթ էր PR արշավն իրականացնելու համար: Սա փորձված տեխնոլոգիա է մտքերն ու գաղափարներն ավելի լայն լսարանի հասցնելու համար: Ի դեպ, ընտրական գործընթացում էլ կային որոշակի խոստումներ՝ կապված Ղարաբաղում տեղի ունենալիք ընտրությունների հետ, սակայն այս հանգամանքը երկրորդական էր»,-վերլուծում է Արմեն Բադալյանը:

Հայաստանից պետք է վերացնել քրեական ենթամշակույթը. Փաշինյան

Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ նույնպես քաղտեխնոլոգը հակասություններ է տեսնում: Երբ նշվում է, որ Արցախը Հայաստան է և վերջ, այդ դեպքում վարչապետն ինչո՞ւ էր անցյալ տարի պահանջում, որ Արցախն ինքնուրույն մասնակցի բանակցություններին՝ որպես առանձին սուրբյեկտ: «Եթե հայտարարում ենք, որ Արցախը Հայաստան է, ինչպես Լոռվա կամ Շիրակի մարզը՝ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է հայտարարել, որ Հայաստանի մաս հանդիսացող տարածքը չի կարող որպես առանձին սուբյեկտ մասնակցել բանակցային գործընթացին: Այնպես որ, վարչապետի խոսքերն ամբողջությամբ հակասության մեջ են մտնում իր նախորդ հայտարարությունների հետ»,-նկատում է Արմեն Բադալյանը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն. Թումանյան

Վարչապետն իր ելույթով ակնարկում էր, որ Արցախում նույնպես ընտրությունները պետք է լինեն ժողովրդավարական, և Հայաստանն իր հերթին պետք է տեր կանգնի Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին՝ թույլ չտալով, որ այնտեղ հարցերը  լուծվեն ուժային մեթոդներով: Օրինակ՝ պոտենցիալ թեկնածուներից մեկը խոստանում է, որ պահանջելու է Բակո Սահակյանի հրաժարականը՝ նախանշելով Արցախի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններ: Քաղտեխնոլոգի խոսքով՝ վարչապետն ակնարկեց, որ նման գործընթացներ տեղի չեն ունենալու, ինչպես նաև հասկացրեց, որ դրսի ուժերը չպետք է միջամտեն այս գործընթացին: