ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի –Sputnik.Երեկ ձերբակալված Ռոբերտ Մանուկյանի (ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «շշի Մելո» մականունով Մելիք Մանուկյանի եղբայրը) փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ Կոտայքի մարզային ոստիկանության բաժանմունքում իր պաշտպանյալը ծեծի է ենթարկվել:
Համացանցում տարածված լուսանկարներում ձերբակալվածի մարմնի տարբեր մասերի վրա կարմրավուն հետքեր են երևում։
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշելով, որ 54-ամյա տղամարդը դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ ու չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ուստի ոստիկանները ստիպված ֆիզիկական ուժ էին կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել բաժին։
«Փաստաբանին հիշեցնենք «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» 30-րդ հոդվածի բովանդակությունը, որը վերաբերվում է ֆիզիկական ուժի գործադրմանը։ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում ոստիկանության ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաև հաղորդվում է, որ նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառվել է բացառապես մեքենա նստեցնելիս և մեքենայից ոստիկանության Կոտայքի բաժին մտցնելիս։ Ոստիկանության տեղեկացմամբ՝ ձերբակալվածի մարմնին առկա կարմրավուն հետքերի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և միայն փորձաքննության եզրակացությամբ պարզ կլինի դրանց առաջացման պատճառները:
Հիշեցնենք` օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ավերվել էր ճանապարհին գտնվող կամրջի ասֆալտե ծածկույթը։ Պայթյունիհետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է հենց նախկին պատգամավորին, երկրորդում պայթյունի պահին եղել են նրա թիկնապահները։
Պայթյունի պահին ավտոմեքենաները կամրջին են եղել։
Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Պայթյունի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։
Պայթյունի փաստով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և 235 հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով։
Դեպքի վայրից ավտոմեքենայով փախուստի դիմած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։