ՌԱԴԻՈ

Գեղամյան. «Այս պահին դժվար է խոսել Թուրքիայում նոր ձևավորվող ուժի կարող լինելու մասին»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է Թուրքիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ու նրա ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից դժգոհելու պատճառները։
Sputnik
Գեղամյան. «Այս պահին դժվար է խոսել Թուրքիայում նոր ձևավորվող ուժի կարող լինելու մասին»

Տարիներ շարունակ Թուրքիայի նախկին իշխանավորները փորձում են որոշակի նոր ուժային կենտրոն ձևավորել, և այդ գործընթացները, կարծես թե, մոտենում են իրենց ավարտին։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասում է Վարուժան Գեղամյանը։

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունը ոչ մի դեպքում ջերմ չես անվանի. Լուկյանով

«Ահմեդ Դավութօղլուն այդ գործընթացի` ամենամեծ ակտիվություն ցուցաբերող մասնակիցներից մեկն է, որն իր վրա է վերցրել նոր ձևավորվելիք ուժի առաջացման համար անհրաժեշտ՝ իշխանություններին քննադատելու պարտականությունը»,- ասում է թուրքագետը։

Նրա կարծիքով` դա է պատճառը, որ վերջին շրջանում Դավութօղլուն հանդես է գալիս երկրի իշխանությանն ու մասնավորապես նախագահ Ռեջեփ Էրդողանին և նրա ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանն ուղղված քննադատությամբ։

«Որոշ աղբյուրների համաձայն` թեև նոր ուժային կենտրոնի ձևավորման հետևում կանգնած են Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը, այդուհանդերձ, վերջինը մինչև օրս որևէ վճռական քայլ չի արել»,- ասում է Գեղամյանը։

Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել

Նրա խոսքով` Թուրքիայում կա հանրային ընկալում, որ Աբդուլահ Գյուլը երբեք չի գնա ուղիղ հակամարտության՝ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ։

«Ինքը՝ Գյուլը, որևէ դիրքորոշում դեռ չի արտահայտել, հետևաբար այս պահին դժվար է խոսել նոր ձևավորվող ուժի կարող լինելու մասին»,- ասում է թուրքագետը։

Հիշեցնենք` Թուրքիայի նախկին վարչապետ ու նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության գործունեությունը՝ հայտարարելով, որ քաղաքական այդ ուժը մի ժամանակ հավատարիմ էր արդարության, խոսքի և մտքի ազատության սկզբունքին, սակայն վերջին երեք տարիների ընթացքում այդ ֆունդամենտալ արժեքներն անտեսվում են։

«Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի սիրալիր վերաբերմունքը պայմանավորված է շահով». Սաֆրաստյան